Ինչո՞վ են տարբերվում բնակարանի համաշխարհային գները հայկականից

Ընթացիկ տարվա ինն ամիսների արդյունքներով մայրաքաղաքում գրանցվել է  անշարժ գույքի առքուվաճառքի ավելի քան 10 հազ. գործարք, որոնցից  6,1 հազարը` բնակարանների: Մայրաքաղքում բնակարանները,  հատկապես, կենտրոնում, բավականին թանկ արժեն: Մի շարք երկրներում  դրանք անհամեմատ էժան են, քան  Հայաստանի մայրաքաղաքում: Կան նաեւ երկրներ, որտեղ բնակարաններն ավելի թանկ արժեն… Ռուսաստանի մայրաքաղաքում, օրինակ, բնակարանների գները  կարող են ռեկորդներ արձանագրել թանկարժեքությամբ: Օրինակ, դեկտեմբեր ամսին  Մոսկվայի հարյուր ամենաթանկ բնակարանների գինը գնահատվել է  1,2 մլրդ դոլար, այսինքն` 12 մլն  դոլար յուրաքանչյուրը: Դրանք սովորական բնակարարներ են, ոչ թե առանձնատներ, որոնց բնակելի տարածքը տատանվում է 113- 826 քմ միջեւ: Միջինն ստացվում է 275 քմ:  Նշենք, որ այսօր Երեւանում բնակարանների միջին տարածքը  մոտ  63 քմ է:

Ինչ վերաբերում է  շուկայական գներին, ապա մեզանում բավականին «համեստ» գներ են: Այսպես, Կենտրոն վարչական շրջանում միջին բնակարանի գինը ընթացիկ տարվա հոկտեմբերին կազմել է 65,1 հազ. դոլար: Էլիտար շենքերում նույն տարածքի բնակարանների գներն անհամեմատ բարձր են նշվածից: Սակայն անգամ «գերէլիտար» բնակարանների գները չեն հասնում միլիոն դոլարի:

Նյու Յորքի հայտնի Կենտրոնական զբոսայգու հարեւանությամբ  «համեստ» երկսենյականոց բնակարանը վաճառվում է «ընդամենը» 1,189 մլն դոլարով: Գնելով նման բնակարան, հնարավոր է օգտվել մի շարք ծառայություններից` լողավազանից, մարզասրահից, տնային կենդանեիների համար նախատեսված սրահից եւ այլն:

Շատերի մոտ հնարվոր է հարց է առաջնում, թե ինչով է պայմանավորված բնակարանների գների նման տարբերությունը: Պատասխանը պարզ է` պատճառը բարձր պահանաջակն ու սահմանափակ առաջարկն է:

Բոլորն են ցանկանում ապրել շքեղ բնակարաններում, ընդ որում` հենց հեղինակավոր քաղաքների հեղինակավոր թաղամասերում:  Ի դեպ, նման ձգտումը  բնորոշ է նաեւ «նոր ռուսներին»,  որոնց էլ հիմնականում մեղադրում են արեւմտյան մի շարք քաղաքներում  բնակարանների գների բուռն աճի համար: Եւ հակառակը, գնորդների մեծ մասի համար ոչ այնքան ցանկալի բնակելի թաղամասերը չեն կարող պարծենալ բարձր գներով: Նույնպիսի իրավիճակ է հայաստանյան  շուկայում:

Նույն տիպի բնակարանի գինը  խիստ տարբեր է Երեւանում եւ մարզային քաղաքներում: Օրինակ, ընթացիկ տարվա հոկտեմբերին Երեւանում  1 քմ բնակելի տարածքի միջին շուկայական  գինը կազմել է 263 հազ. դրամ, իսկ, օրինակ, Հրազդանում`  60  հազ. դրամ:

 

Ալբերտ Խաչատրյան

 

 

 NEWS.am

ԱՎԵԼԻՆ