Ընդմիջմանը սուրճ ու շոկոլադ են տալիս, բայց մարդիկ չե՞ն գնում աշխատելու

Նոյեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սագսյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հայտարարել էր. «Անապահով ընտանիքների աշխատունակ անձինք պատրաստ չեն աշխատել, չնայած nր ներկայիս 30-50 հազար դրամ սոցիալական նպաստի դիմաց կկարողանան վաստակել 100-120 հազար դրամ»: «Ժողովուրդ»-ն այս առթիվ զրուցեց երկու մարզպետների հետ` պարզելու, թե իսկապես մեր երկրում աշխատատեղեր կան, և իսկապես մեր բնակչությունը չի ուզում աշխատել:

 

Արմավիրի մարզպետ ԱՇՈՏ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

 

– Պարոն Ղահրամանյան, Ձեր մարզում որքա՞ն «բաց» աշխատատեղեր կան: Ձեր մարզո՞ւմ էլ բնակչությունը նախընտրում է չնչին նպաստ ստանալ, բայց բարձր աշխատավարձով չաշխատել:

 

– Մեր մարզը հանրապետության երևի միակ մարզերից մեկն է, որ գյուղատնտեսության հիմնական արտադրատեսակների արտադրությամբ է զբաղվում և տարվա կտրվածքով փետրվարից մինչև նոյեմբեր ամիս գյուղատնտեսության բնագավառում աշխատատեղեր ունի: Եվ մեկ օրվա վարձը օրեթե 5 հազար դրամ է, դեռ ընդմիջմանն էլ սուրճ ու շոկոլադ են տալիս:

 

-Մարդիկ աշխատո՞ւմ են շոկոլադով և սուրճով ընդմիջումների պայմաններում, թե՞ գերադասում են աղքատության նպաստ ստանալ:

 

– Ես մի հասարակ օրինակ բերեմ. Էջմիածնում «դոմիկում» ապրող մի ընտանիք ունենք, որտեղի բնակիչը գնում էր նպաստներ ստանալու, և երբ մենք իրեն առաջարկեցինք աշխատանք Էջմիածնի սանմաքրման գրասենյակում 80-90 հազար դրամով, ասաց` ավելի լավ է ես ողորմություն խնդրեմ: Էդ բնակիչն ասաց, թե դրանով ավելի շատ գումար կստանա:

 

– Այսինքն` Դուք բոլորին աշխատանք եք առաջարկում, ու այժմ նույնիսկ աշխատողների պակա՞ս կա: Քաղաքացիներն իսկապե՞ս ծուլություն են անում:

 

– Ես միանշանակ եմ ասում, որ մեր մարզում գյուղատնտեսության բնագավառում աշխատողների կարիք ունենք: Դե նայած, մի մասն ուզում է աշխատել, աշխատում է, մի մասն էլ չի աշխատում: Գիտեք ինչ կա`ծուլության հետ կապված… ընդհանրապես Արմավիրի մարզի ժողովուրդն աշխատող ժողովուրդ է, քրտինքով հաց քամող ժողովուրդ է:

 

– Կոնկրետ կարո՞ղ եք նշել, թե Ձեր մարզում քանի տոկոս է կազմում գործազրկությունը:

 

– Ամենաքիչ գործազրկությունն Արմավիրի մարզում է, մենք ունենք գործազրկություն, բայց դա էլ հիմնականում քաղաքներին է վերաբերում: Այդ հարցն էլ է լուծելի: Կոնկրետ չեմ կարող որևէ բան ասել:

 

Կոտայքի մարզպետ ԿՈՎԱԼԵՆԿՈ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

 

– Պարոն Շահգալդյան, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե բնակչությունը նախընտրում է նպաստ ստանալ միայն թե չաշխատի: Ձեր մարզում իսկապե՞ս նման իրավիճակ է տիրում:

 

– Նախ` ես գործուղման մեջ էի, վերադարձել եմ երեկ, այսօր եմ անցել աշխատանքի (երեկ-Ս. Գ.), վարչապետի հայտարարությանը ծանոթ չեմ:

 

– Բայց պետք չէ ծանոթանալ վարչապետի հայտարարությանը, խնդրում եմ որպես մարզպետ ուղղակի ասեք` Ձեր մարզում աշխատատեղեր կա՞ն, և արդյոք ՀՀ քաղաքացիները հրաժարվում են աշխատել:

 

– Դե հիմա ես էլ ասում եմ ծանոթ չեմ վարչապետի հայտարարությանը, հետո էլ մարզպետարանն աշխատատեղ առաջարկող հիմնարկ չէ: Զբաղվածության կենտրոններն են տեղյակ` կան աշխատատեղեր, թե ոչ: Իհարկե, կլինեն մարդիկ, որոնք չեն ուզում աշխատել, բայց հո մասսայական էդպե՞ս չէ: Մարդ կա` աշխատանք է ուզում աշխատելու, եկամուտ ունենալու համար, մարդ էլ կա չի ուզում աշխատի, իհարկե կան:

 

– Այսինքն` մարզում առաջարկվում է 100-120 հազար դրամ աշխատավարձով աշխատատեղ, բայց քաղաքացիները նա խընտրում են 30-50 հազար դրամ նպա՞ստ ստանալ:

 

– Նույնիսկ մարդ կա` չի էլ նախընտրում նպաստ ստանալ, այլ օրվա վարձով է ուզում աշխատի`4000-5000 դրամ: Հիմա ես ծանոթ չեմ վարչապետի հայտարարությանը, կարող է մի ընդհանուր բանի մասին է խոսք եղել, վարչապետն էլ շատ ճիշտ արտահայտվել է: Հարցրեք էն մարզպետներից, որոնք այդ պահին այդ մասին տեղեկացել են: Դրա համար պետք է նաև աշխատաշուկայի ուսումնասիրություններ կատարեք, կպարզեք` աշխատատեղեր կան, թե ոչ: Մարզպետարանն աշխատատեղերի հաշվեգրում չի անում և այդպիսի տեղեկատվության չի տիրապետում:

 

– Բայց մարզպետը ևս պետք է տեղյակ լի նի, թե իր մարզում որքան է գործազրկության տոկոսը: Դա Ձեզ չի՞ հետաքրքրում:

 

– Ես պատկերացում ունեմ մարզի մասին բայց ես այս դրությամբ աշխատաշուկայի ուսումնասիրություն չեմ արել և տեղեկատվության չեմ տիրապետում:

 

Հ Գ. Հետաքրքիր է՝ ՀՀ վարչապետը nր մարզի մասին էր խոսում:

ԱՎԵԼԻՆ