Գյումրիի նորընտիր քաղաքապետն ու ավագանին այսօր երդվեցին

Այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդիսավոր պայմաններում երդվեց: «Հոկտեմբեր» կինոթատրոնի բակում հավաքված էին մեծ թվով ոստիկաններ եւ անվտանգության աշխատակիցներ: Իսկ Ոստիկանության Գյումրու բաժնի պետ Վահան Դանիելյանը եւ ՇՄ ոստիկանության վարչության օպերատիվ խմբի ղեկավար Վահրամ Ենգոյանը անձամբ հսկում էին կինոթատրոնի մուտքը:

Համայնքի նոր ղեկավարի եւ ավագանու անդամների հանդիսավոր երդման արարողությանը մասնակցելու համար հրավիրված էին մշակույթի, սպորտի բնագավառի մասնագետներ, ներկա էին Շիրակի փոխմարզպետն ու Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի օգնականները, քաղաքապետարանի աշխատակիցներ եւ լրագրողներ:

ՇՄ պատգամավորները, թեեւ հրավիրված էին, սակայն միջոցառմանը չէին մասնակցում: ՀՀ Կառավարությունից հյուրեր եւս չկային՝ չնայած, որ հրավերք Գյումրու քաղաքապետարանն ուղարկել էր:

Միջոցառման մասնակիցները նախ շնորհավորեցին Ս. Բալասանյանին ու նորընտիր ավագանու անդամներին: Այնուհետեւ ելույթ ունեցավ նորընտիր ավագանու անդամներից Վալերիկ Շիրինյանը:

Ծավալուն ելույթի խոսքով հանդես եկավ Սամվել Բալասանյանը, ով խոստացավ քաղաքը մաքրել «բոլոր տեսակի փոշիներից, ազատ խոսքի իրավունք տալ գյումրեցիներին եւ փոխել քաղաքի բարոյահոգեբանական մթնոլորտը»: Բալասանյանի առաջին երեք կարեւոր անելիքները հետեւյալն են`վերակառուցել Ամենափրկիչը, Գյումրու մուտքն ազդարարող հաղթակամար կառուցել եւ մաքրել քաղաքի փոշին:

Հետո Սամվել Բալասանյանն ու ավագանու անդամները երդվեցին: «Սա մի տեսակ ձեւական ինագուրացիա է, որովհետեւ օրենքով պետք է ավագանու հետ նիստ գումարենք, նոր ինագուրացիա անենք, բայց հիմա ուղղակի հանդիսավոր պայմաններում երդվենք»,-ավագանու անդամներին դիմեց Ս. Բալասանյանը:

«Էս մեր սիրուն աղջկան ասենք, թող երդումը կարդա ու բոլորս միասին երդվենք»,-ասաց Ս. Բալասանյանը: Երդման տեքստից հետո քաղաքապետը հորդորեց. «Երդվե՛նք, ավելի՛ բարձր, նորից ենք երդվում…բոլորս միասին ասենք` երդվում ենք…»:\

 

http://www.youtube.com/watch?v=PLp0dlbHMVg&feature=player_embedded

Աղբյուրը` galatv.am

ԱՎԵԼԻՆ