Դեղագործության ոլորտի 4-րդ «Առանց փողկապների» հանդիպմանը քննարկվեցին առաջնահերթ խնդիրներ

Նոյեմբերի 3-4-ը Ծաղկաձորում արդեն չորրոդ անգամ մեկնարկեց Հայաստանի դեղագործության ոլորտի ներկայացուցիչների «Առանց փողկապների» հանդիպումը: Արդեն ավանդույթ դարձած այս երկօրյա հանդիպումը հիանալի հնարավորություն է դեղագործության ոլորտի ներկայացուցիչների համար ՀՀ կառավարության և պետական ոլորտի պաշտոնյաների հետ ոլորտի գերակա խնդիրները և զարգացման առաջնահերթությունները քննարկելու համար։ Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը:

Չնայած նախորդ հանդիպումից ի վեր իրականացված մի շարք միջոցառումների, ոլորտի գերակա խնդիրը շարունակում է մնալ տեղական ընկերությունների արտադրությունը ՊԱԳ պահանջներին համապատասխանեցնելու հարցը: Խնդրի առաջնայնությանն անդրադարձան ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը իրենց ողջույնի խոսքում:  Նոյեմբերի 3-ին կայացած առաջին նիստը նվիրված էր դեղագործության ոլոոտի բարեփոխումներին, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց դեղագործության ռազմավարության գործողությունների ծրագրի և Պատշաճ արտադրական գործունեության կանոնների ներդրման առաջընթացը, ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ  («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի կողմից ցուցաբերվող աջակցությունը դեղարտադրող ընկերություններին:

ՀՀ կառավարությունը կոչ է անում տեղական արտադրողներին ձեռնարկել համապատասխան միջոցներ 2013թ. իրենց արտադրությունում ներդնել Պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ) և Պատշաճ բաշխման գործունեության (ՊԲԳ)  միջազգայնորեն ճանաչված ստանդարտներ, որը հնարավորություն կտա բարձրացնել հայկական արտադրության դեղերի մրցունակությունը, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաններում:  Մասնակիցները քննարկեցին այդ ուղղությամբ ընկերությունների կողմից նախատեսվող միջոցառումները և դրանց իրականացման առաջարկվող ժամանակացույցը: ՀՀ կառավարությունն իր հերթին մանրամասնեց իրավական բարեփոխումների իրականացման ընթացքը և հետագա քայլերը: Քննարկման առարկա դարձավ ՀՀ «Դեղերի մասին» նոր օրենքի նախագիծը, որը վերջնական տեսքով կներկայացվի ՀՀ կառավարությանը մինչև ս.թ. նոյեմբերի վերջ:

Միջոցառման երկրորդ օրը`նոյեմբերի 4-ին, մասնակիցները կանդրադառնան ՓՄՁ ներդրումներին, կարգավորիչ գիլյոտին ծրագրին և պետական գնումների ոլորտում բուժհաստատությունների կողմից դեղերի, բժշկական պարագաների և նյութերի ձեռքբերման գործընթացների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքներին, ինչպես նաև ԴԱՆ Միության և ՀՀ առողջապահության նախարարության կողմից համատեղ մշակված Մարքեթինգի էթիկայի կանոնագրքին։

ԱՎԵԼԻՆ