Բերան, աչք կարելը արտասովոր և անընդունելի բան է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի համար, ի տարբերություն Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, դատապարտյալների կողմից աչք կամ բերան կարելը ոչ թե սովորական, այլ արտասովոր և անընդունելի երևույթ է: galatv.am-ի հետ զրույցում Անդրեասյանն ասաց, որ չի կարող մեկնաբանել նախարարի խոսքը, քանի որ վստահ չէ, թե ինչ կոնտեքստում է դա ասվել, սակայն նշեց. «Դա անսովոր, արտասովոր, անընդունելի բան է և եթե դառնա սովորական, դա լուրջ խնդիր է մեր բանտային ամբողջ համակարգի համար: Մենք ազգովի պետք է այնպես անենք, եթե նույնիսկ դա դարձել է ողբալիորեն սովորական, դառնա արտասովոր և անընդունելի բոլորի կողմից, և իհարկե, առաջին հերթին` հենց նախարարի համար, որովհետև իր ոլորտում է այդ երևույթները կանխելը և վերացնելը »,-նշեց Մարդու իրավունքների պաշտպանը:

Հարցին` արդյո՞ք նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2 օր առաջ հրավիրված քրեական գործերով իրականացվող նախաքննության վիճակին առնչվող խնդիրների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հնչած քննադատությունները կարող են փոփոխություն մտցնել դատական համակարգում, Անդրեասյանն ասաց, որ ինքը համաձայն է նշված թերությունների հետ և վստահ է, որ դրանք որևէ արդյունք կտան:

«Մենք շատ ողջունում ենք բոլոր տեսակի բարձրաձայնումները եղած խնդիրների մասին, մանավանդ մեզ համար առաջնային հարց է դատաիրավական համակարգը: Մենք համակարծիք ենք այն բոլոր թերություների հետ, որոնք նշվեցին հանրապետության նախագահի կողմից այս ընթացքում: Թե ինչ արդյունքեր դրանք կտան, վստահ ենք` որոշակի դրական արդյունք կարելի է ակնկալել, որովհետև ամեն անգամ խնդիրը այդ մակարդակով բարձրացնելուց տեղաշարժեր լինում են, բայց թե ինչպիսին կամ ինչքան կլինի այդ արդյուքների ծավալը ամեն անգամ տարբերվում է, դրա համար չենք կարող կանխատեսումներ անել»,-ասաց պաշտպանը:

ԱՎԵԼԻՆ