Իտալիան աջակցում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իտալիայի պաշտպանության նախարար Ջիամպաոլո Դի Պաոլային: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել քսան տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր դինամիկ զարգացող հայ-իտալական բարեկամական հարաբերությունների կապակցությամբ և ընդգծել, որ անցյալ տարի ՀՀ Նախագահի Իտալիա կատարած պաշտոնական այցը նոր լիցք հաղորդեց երկկողմ փոխգործակցությանը։

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ջիամպաոլո Դի Պաոլան նշել է, որ շատ ուրախ է Հայաստան այցելելու համար և բարձր է գնահատում Հայաստանի մասնակցությունը միջազգային անվտանգության և խաղաղության ապահովման գործին, մասնավորապես՝ խաղաղապահ առաքելություններին:

 

Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակություն է հայտնվել պաշտպանական բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ, որը, զրուցակիցների բնորոշմամբ, հիմք կհանդիսանա այդ ոլորտում արդյունավետ համագործակցության համար:

 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը։  Իտալիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ իր երկիրը հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ աջակցում է խմբի համանախագահների հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին:

ԱՎԵԼԻՆ