«Բացառիկ գերակա հանրային շահ» եմ համարում Ավետիք Գրիգորյանի գրքի մեծաքանակ տպագրությունն ու տարածումը

(հարցազրույց ինքս ինձ հետ՝ իմ ուսուցիչ Ավետիք Գրիգորյանի ու նրա վարած` ԿԳՆՏեխնիկական ստեղծագործության հան­րապետական կենտրոնի Տիեզե­րա­գիտական խմբակի գործունեության հետ կապված). «Ումի՞ց հարցազրույց վերցնեմ Ավետիք Գրիգորյանի մասին»: Մտքիս պատասխանեցի մտքով` «Իսկ ո՞վ կարող է նրան, նրա գիրքն ու նրա գործունեությունն ավելի լավ բնութագրել, եթե ոչ իր աշակերտները… որոնցից մեկն էլ` ես եմ»: Եվ ահավասիկ.

– Ի՞նչ դեր է խաղացել իմ կյանքում իմ ուսուցիչ Ավետիք Գրիգորյանը, երբևե երկյուղածություն զգացե՞լ եմ նրա նկատմամբ, ինչպես որոշ դասատուների դեպքում։ Ի՞նչ ցուցանիշներ եմ ունեցել դպրոցական տարիներին։

– Ավետիք Գրիգորյանն ինձ համար ավելին է, քան ուսուցիչը, ավելի տեղին է կիրառել «աշխարհ» բառը: Ինձ բախտ է վիճակվել ունենալ հրաշալի ուսուցիչներ, որոնք ինձ փոխանցել են գիտելիք, փորձ, հայացքներ եւ վարք, բոլորին ես անչափ երախտապարտ եմ, սակայն Ավետիք Գրիգորյանը տարբերվում է բոլորից: Ես նույնիսկ իր ազդեցությունը կդասեի աշխարհայացքային մշակույթի ոլորտին: Նա կարողանում է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որում նախանձը, պարծենկոտությունը, շահամոլությունը եւ ապակառուցողական այլ դրսեւորումները դառնում են անիմաստ եւ անտեղի: Նրա շուրջ հավաքվում են մարդիկ, ովքեր կարողանում են լսել եւ գնահատել դիմացինին, աջակցել թիմային աշխատանքին եւ, կարեւորը, ովքեր անչափ գնահատում են պարզությունը, խորությունը եւ վստահում են գիտական մեթոդին: Ավետիք Գրիգորյանը կարողանում է սերմանել այդ բոլոր արժեքների սաղմերը եւ հոգատար կերպով աճեցնում է այդ սաղմերը անհատական մոտեցումով ամեն մեկի նկատմամբ, ամեն մեկն ունի իր առանձին տեղը: Իր զենքերն են անկեղծությունը, հարգանքը, վստահությունը եւ անմիջականությունը: Նա ամեն մեկիս մտերիմ ընկերն է, խորհրդատուն եւ անաչառ գնահատողը:  Այդ մտերմությունը եւ հարգանքը մենք արտահայտում ենք իրեն անվանելով «Շեֆ»:

 Նա կարողանում է հետաքրքիր խնդիրների եւ լուծումների ծաղկաքաղ անել, ու շատ պարզ բացատրել շատ բարդ երեւույթներ, որ միայն տարիներ անց նոր հասկանում էինք, որ դրանք ներկա գիտության եւ տեխնիկայի սահմանագծի արդիական խնդիրներից են: Նա երբեք մրցակցությունը չի դիտում` որպես խթանող միջոց, այլ ամեն ոք ինքը պետք է զգա իր ունակությունների սահմանը և աճի ինքն իր նկատմամբ: Խմբակի հաճախումը ուրախություն էր բոլորիս համար, դա ստեղծագործական ազատության օդ շնչելու տեղ էր, օազիս:

Այսպիսով, երկյուղածություն զգալը անտեղի է իր պարագայում, հնարավոր է, որ լիներ անհանգստություն՝ իր վստահությունը չարդարացնելու կամ իր ակնկալիքները չիրականացնելու համար: Դպրոցական ցուցանիշներն էլ երբեք բացարձակ ցուցանիշ չեն իր համար, բայց որպես կանոն իր աշակերտները աչքի են ընկնում  տարեկիցների շրջանում մասնագիտական առաջընթացով:

Դպրոցական տարիներին ես բավական թվով օլիմպիական հաջողություններ ունեի ֆիզիկայից, մաթեմատիկայից, աստղագիտությունից եւ ինֆորմատիկայից: Հատկապես հաջող էի ելույթ ունեցել ինֆորմատիկայից եւ մասնակցեցի միջազգային օլիմպիադային: Պատրաստվում էինք նաեւ աստղագիտությունից միջազգային օլիմպիադայի, երկուսի նկատմամբ էլ սերը սերմանել է Ավետիք Գրիգորյանը։ Խմբակում նրա հետ անմիջականորեն զբաղվում էինք աստղագիտական խնդիրներ լուծելով, իսկ ծրագրավորումը ես սովորել եմ իր մեկ այլ աշակերտի՝ Լեւոն Մանուկյանի` ծրագրերն ուսումնասիրելու եւ դրանց գեղեցկությունը գնահատելու միջոցով, այդ ոլորտից խնդիրներ էր տալիս նաեւ Շեֆը: Բացի այդ, խմբակում ձեռք բերեցի նաեւ կիրառական հմտություններ, օրինակ, սարքում եւ փորձարկում էինք չղեկավարվող հրթիռներ: Հետաքրքիրն այն է, որ այդ ամենը համեմվում էր տեխնիկայի վերջին նորամուծություններով, համակարգչային ծրագրերով, աստղագիտական տեսանյութերով, բարձր որակի ստերեոնկարներով եւ այլն:

– Ի՞նչ ակադեմիական ուղի եմ անցել արդյոք, ի՞նչով եմ զբաղվում ներկայում և հետագայում ի՞նչ կարիերա եմ տեսնում ինձ համար։

– Ակադեմիական ուղիս։ Երեւի կարելի է համարել, որ սկսել եմ շատ վաղ. ծնողներս ֆիզիկոս էին, եւ իրենք էլ սերմանեցին իմ մեջ սերը դեպի ֆիզիկան եւ գիտությունը, տրամադրող էր նաեւ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտավանի մարդկային մթնոլորտը, եւ ես 5-րդ դասարանից հաստատ գիտեի, որ ֆիզիկոս եմ դառնալու, դա իմ որոշ դասընկերների մոտ ծաղրանքի էր արժանանում, բայց ես գիտեի, որ խնդիրն իմ մեջ չէ, այլ իրենց ստերեոտիպների ու արժեքային համակարգի։ Ու այդ տարիքից ես ծանոթացա գիտության հանդեպ հայկական հասարակության վերաբերմունքին: Ակադեմիական ճանպարհս, կարելի է ասել, սկսվեց Շիրակացու անվան Ճեմարան ընդունվելով, այնուհետեւ շարունակվեց Շահինյանի Ֆիզմաթ դպրոցն ավարտմամբելով։ Այնուհետեւ գերազանց ավարտեցի ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը` տեսաբան ֆիզիկոսի մասնագիտացմամբ, որից հետո ընդունվեցի միաժամանակ երեք ասպիրանտուրա, մեկը՝ հայ-ֆրանսիական համատեղ ասպիրանտուրա՝ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի եւ Լորանի համալսարանի (Ֆրանսիա)՝ լազերային ֆիզիկա մասնագիտացմամբ, եւ մյուսը՝ Մոսկվայի Ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի՝ տեսական ֆիզիկա մասնագիտացմամբ։ Հետագայում ՊՆ զորակոչի եւ ելքի թույլատվության խնդիրների պատճառով ստիպված եղա թողնել Ֆիզտեխը, հետազոտում էի ոչգծային երկվիճակ համակարգի խնդիրը երկու հատուկ մոդելների համար եւ դրանց համար վերլուծական լուծումների փնտրման եղանակներ էի մշակում շատ լայն դասի խնդիրների համար, մասնավորապես սառնատոմական նոսր գազերի ատոմ-մոլեկուլային անցումների, կամ երկրորդ հարմոնիկի գեներացիայի պարագայում: Օգտագործվել է շատ ունիվերսալ եւ հետաքրքիր մոտեցում, որը թույլ է տալիս վերլուծել այդ համակարգերի վարքը, կանխատեսումներ անել եւ արագ հաշվարկներ իրականացնել: Այժմ պատրաստվում եմ ատենախոսության պաշտպանությանը, որից հետո ապագան շատ անորոշ է դառնում։ Հավանաբար, որոշ ժամանակ կփորձեմ շարունակել աշխատանքներս, եւս մի քանի խնդիրներ կան որ հետաքրքիր են։ Ուզում եմ փորձարկել նաեւ կիրառական ոլորտը, բայց գիտության ոլորտում կառավարության քաղաքականության շատ կտրուկ փոփոխությունների չարձանագրելու պարագայում մնում է երեք լուծում՝ դուրս գալ գիտությունից ու անցնել իրական վարձատրվող աշխատանքի, մեկնել արտերկրի համալսարաններ կամ փորձել արտերկրի գումարներով գոյատեւել Հայաստանում: Լուծումը ակնհայտ է դառնում, երբ հասկանում ես, որ գիտությունը չգնահատող կառավարման պայմաններում ապրելու հնարավորություն չունես, իսկ փորձը ցույց է տալիս, որ համատեղելով մեկ այլ, լավ վարձատրվող աշխատանքի հետ՝ գիտություն զարգացնել չի հաջողվում: Կա եւս մի լուծում՝ դա համակարգի փոփոխությունն է, հուսանք գործը դրան չի հասնի, բայց եթե դա էլ տեղի չունեցավ, ապա …

– Ինչպե՞ս եմ գնահատում գիտության վիճակն այսօր մեր երկրում և ինչպի՞սին եմ տեսնում գիտության զարգացման հեռանկարներն ապագայում:

– Գիտության վիճակը գնահատում եմ ծայրահեղ ծանր, դրա մասին բազմիցս խոսվել է եւ շատ լավ ամեն ինչ ներկայացվել է, կարող եմ միայն կրկնել, որ ՀՀ գիտությունը ճգնաժամային դրության մեջ է, 5-7 տարվա ընթացքում գիտնականների մի ստվար զանգված հեռանալու է գիտությունից` առանց սերնդափոխության: Այդ պատճառով պետք է սկսել ագրեսիվ սերնդափոխություն, պետք է սկսել հենց հիմա՛, անհրաժեշտ է, որ 2013 թվականին գիտնականի միջին աշխատավարձը լինի միջին աշխատավարձի առնվազն մեկուկեսապատիկը։ Դա մեծ գումարներ չի պահանջում, այդ գումարները կան։ Երիտասարդ գիտնականը պետք է վստահ զգա իրեն հասարակության մեջ, կարողանա վստահ լինել իր եւ իր ընտանիքի բարեկեցիկ ապագայի հանդեպ, պետք է զգա եւ տեսնի մոտալուտ աճի հնարավորություն եւ ստեղծագործական ազատություններ ունենա։ Եվ պետության գործն է դա պատշաճ մրցակցային պայմաններում պահելը: Գիտության զարգացման հեռանկարը ես շատ պածառ եմ տեսնում։ Կարծում եմ, որ գիտությունն է լինելու տնտեսությունների շարժիչ ուժը։ Կարծում եմ, որ գիտությաունը շատ խորը կներխուժի նաեւ մարդու հոգեւոր աշխարհը եւ կտա դարավոր հարցերի նոր պատասխաններ։ Իսկ Հայաստանի Հանրապետության զարգացման եւ ընդհանրապես ՀՀ գոյության հեռանկարները, գիտության նկատմամբ այսպիսի անհեռատես քաղաքականության պարագայում, ինձ շատ մշուշոտ են թվում: Իմ համոզմամբ՝ կամ դու, լինելով աշխարհին զուգահեռ, գոյամարտի առաջագծում ես, կամ դու ուղղակի որեւէ մեկի գավառն ես դառնելու: Այժմ աշխարհը պատերազմում է շատ նուրբ ոլորտներում, օրինակ, դա տեղեկատվական, սոցիալական, արդյունաբերական եւ մշակութային ոլորտներն են։ Այդ բոլոր մարտերը ենթադրում են ամենաթարմ նորարարությունների կիրառություն։ Մի քանի տարվա ուշացումը նշանակում է պարտություն։ Այդ պայմաններում միայն գիտական դպրոցի կայացվածությունն է, որ կարող է պետության գոյության գրավական հանդիսանալ, հակառակ դեպքում պետության գոյությունը նման է «սատանի մայլեքում քյանդրբազություն» անելուն: Իմ անձնական ակնկալիքն այն է, որ եթե ազգային ժողովը բավական գիտակից եւ վճռական գտնվի, ապա այս աշնանը հաջորդ տարվա համար բյուջեով գիտության համար մասնահանումը կավելացնի մինչև ՀՆԱ-ի 1% (ներկա 0,24 %-ի դիմաց)։ Կրկնում եմ, դա մեծ բեռ չի դառնա տնտեսության համար: Հակառակ դեպքում ես ուղղակի չեմ տեսնում Հայաստանում որեւէ մրցունակություն, այն ուղղակի դառնում է անհրապույր գավառ, կիսագրագիտության բոլոր ծանր հետեւանքներով:

– Որքանո՞վ եմ կարևորում Ավետիք Գրիգորյանի հեղինակած «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիտահանրամատչելի գրքի տպագրությունը մեր դպրոցական կրթության որակի բարձրացման տեսակետից։

– Իմ պատկերացմամբ … դա սովորական գիրք չէ, դա երեւույթ է: Դա վերջին երկու շահամոլ տասնամյակի դեմ ըմբոստացում է։ Այն գրված է ընդունված տրամաբանությանը հակառակ. այդ գիրքը հասարակությունը չէր պահանջել, այն նախարարության բարեփոխումների ծրագրերի մեջ չէր ներառվել, ոչ էլ պարոն Գրիգորյանն էր անգործ նստած: Այն գրվեց շատ մեծ դժվարություններ հաղթահարելով, գրվեց, որովհետեւ մանկավարժ դարձած մասնագետը հասկանում էր, որ դա է արժեքավորը: Հասկանում էր, որ իր մշակած աշխարհայացքին շատ ու շատ երիտասարդներ են կարոտ: Երեւի դա էին պարտավորեցնում նաեւ իր խմբակ այցելող բախտավոր երիտասարդների փայլող աչքերը եւ բոլոր տարիների շրջանավարտների հաջողությունները, ինչը ապացուցում է այդ հայացքների կենսունակությունը եւ պահանջվածությունը:

Գիրքն առավել քան արդիական է, այն շատ մատչելի եւ հետաքրքրաշարժ կերպով, եւ ինչն ամենակարեւորն է՝ համակարգված, անդրադառնում է գիտության եւ կյանքի բազում խնդիրներին, խոսում տարբեր ոլորտներից, միահյուսելով դրանք եւ աշխարհի միասնական պատկեր ստեղծում աշակերտների մոտ՝ պատրաստելով նրանց հետագայում առավել մանրամասնորեն հետազոտելու այդ ոլորտները: Այն մրցունակ աշխարհընկալման դարբնոց է: Իմ պատկերացմամբ, այս գիրքը խորհրդային գիտակրթական լավագույն ավանդույթներից եւ ուսուցչի 25 ամյա փորձից ձուլված բյուրեղ է, որը համատեղում է հետաքրքրաշարժությունը, հանրամատչելիությունը եւ խիստ համակարգվածությունն ու հաջորդականությունը: Դա այն լավ բաներից է, որոնց կորցնելը կարելի է համարել հանցագործություն: Հիանալի է, որ այն գրված է հայերեն: Իհարկե, արտերկրում կան այլ հետաքրքրաշարժ գիտակրթական գրքեր եւս, բայց սա անկասկած հայկական  իրականության համար ուղղակի անհասանելի բարձունք էր, որը, կարծում եմ, նաեւ իր պատվավոր տեղը կգտնի աշխարհի գրադարաններում: Այն ինքնատիպ է նույնիսկ աշխարհի մասշտաբով: Այս գիրքով կարելի է հպարտանալ: Այն նաեւ պետք է թարգմանել այլ լեզուներով, եւ ես կասկած չունեմ, որ գիրքը մեծ պահանջարկ կվայելի եւ բարձր գնահատականի կարժանանա արտասահմանում:

Իմ անձնական կարծիքով, այն պարտադիր պետք է լինի ֆիզիկայի  բոլոր ուսուցիչների սեղաններին: Կարծում եմ, որ շատ հետաքրքիր բաներ կգտնեն նաեւ այլ ոլորտի ուսուցիչները՝ իրենց դասերը համեմատություններով ավելի հետաքրքրաշարժ դարձնելու համար: Սա կարծես նշաձող է, որի հետ պետք է համեմատվել, իսկ բուն աշակերտների համար սա ուսման մոտիվացիոն հզոր գործիք է: Այն ձեւավորում է սեր, վստահություն եւ ձգտում դեպի գիտություն, դեպի նորարարություն եւ դեպի ճարտարագիտություն: Հենց դրանք են այն հիմնասյուները որոնց վրա ՀՀ տնտեսությունը կարող է մրցակից դառնալ:

Նյութի վերաբերյալ ասեմ ավելին, խիստ ցանկալի է, որ այս նյութի մատուցումը նկարահանվի եւ օնլայն դասերի տեսքով տեղադրվի համացանցում, սրանց հիման վրա կարող են ավելի փոքր տարիքի երեխաների համար մուլտիպլիկացիոն շարքեր նկարահանվել: Բայց դա հաջորդ քայլն է, այժմ «բացառիկ գերակա հանրային շահ» եմ համարում Ավետիք Գրիգորյանի գրքի մեծաքանակ տպագրությունը եւ տարածումը: Դա ժամանակի հրամայականն է:

Հրայր Ազիզբեկյան. ֆիզ.-մաթ. գիտ. թեկն.

ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ, «Լույս» հիմնադրամի ուսանող, Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ասպիրանտ , Լորանի համալսարանի և ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հատազոտությունների ինստիտուտի համատեղ ասպիրանտ, 1998-2000 թ.թ. ստացել է ֆիզիկայի, աստղագտության և ինֆորմատիկայի հանրապետական օլիմպիադաների 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմներ, 1999 թ.-ին ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մասնակից

1lur.am

ԱՎԵԼԻՆ