Տեսողությունը պետք է ուշադրության կենտրոնում լինի. «Ոնց որ` կանանց միայն մարտի 8-ին սիրեք». Ալեքսանդր Մալայան

Տեսողությունը պետք է ուշադրության կենտրոնում լինի. «Ոնց որ` կանանց միայն մարտի 8-ին սիրեք». Ալեքսանդր Մալայան

12:11 11 Oct, 2012

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել, որ տեսողությունը պետք է միշտ մարդկության ուշադրության կենտրոնում լինի, այլ ոչ թե տարին մեկ անգամ. «Ոնց որ` կանանց միայն մարտի 8-ին սիրեք»: Գիտական փաստ է, որ մարդը շրջապատից 90 տոկոս ինֆորմացիան ստանում է տեսողության միջոցով: Առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը ողջունում է այն փաստը, որ մարդիկ մեծ ուշադրություն են դարձնում տեսողությանը. «Պատահական չէ, որ ասում են՝ աչքի լույսի պես պահեք», – կարծում է գլխավոր ակնաբույժը: Այսօր աշխարհը նշում է տեսողության համաշխարհային օրը:

Ոլորտում առկա գլխավոր խնդիրների մասին ակնաբույժը կիսվեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Դրանցից մեկը մայրաքաղաք-մարզեր ճեղքն է, որը գնալով խորանում է. «Մենք բավականին մեծ ճիգեր ենք գործադրում, որպեսզի բարձրացնենք մարզերում մասնագետների մակարադակը՝ սեմինարների, հանդիպումների և այլ միջոցներով, ինչպես նաև ապահովենք ժամանակակից բուժսարքավորումներով»,- ասաց Ալեքսանդր Մալայանը:

Չնայած գործադրվող ջանքերին՝ տեսողության հետ կապված հիվանդություններն աճ են գրանցում: Մասնագետն այդ աճը բաժանում է երկու տիպի. «Երբ հիվանդներն են այցելում մեզ, և երբ մենք ենք գնում ու հայտնաբերում հիվանդությունները՝ մարզերում և այլուր: Ըստ այցելությունների մենք գրանցել ենք ակնային ախտահարումների աճ»,-ասաց Ալեքսանդր Մալայանը:

Ակնաբույժը նշում է, որ ակնային ախտահարումները շատացել են հատկապես շաքարային դիաբետի պատճառով. «Հիվանդության ընթացքում տեսողության հետ կապված խնդիրները հիվանդի համար կարող են շատ աննկատ զարգանալ, այդ պատճառով շաքարային դիաբետի ախտորոշում ունեցող հիվանդը պետք է դիմի նաև ակնաբույժի»,- խորհուրդ տվեց գլխավոր ակնաբույժը: Աճ գրանցող ակնային հիվանդությունների ցանկում հաջորդը գլաուկոման է, որի հիմնական ախտանիշը ներակնային ճնշման բարձրացումն է: Այս հիվանդության հետևանքով տեսողությունը անվերադարձ անկում է ապրում: Ակնաբույժն ասաց, որ գլաուկոման ծերունական հիվանդություն է, որը նույնպես կարող է զարգանալ աննկատ:

Տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդիկ մշտապես վիճում են՝ ակնոց, թե՞ կոնտակտային լինզաներ: Ակնաբույժը հավատացնում է՝ դա միայն հիվանդի ընտրությունն է: Առավելություն կամ թերություն դրանցից որևէ մեկի համար բժիշկը չի նշում:

Ակնային հիվանդությունները շարքը համալրվել է ևս մեկով՝ աչքի չորացում. «Սա ժամանակակից հիվանդություն է, որը շատ հազվագյուտ ու ծանր դեպքերում կարող է բերել օրգանական փոփոխությունների, սակայն այն նպաստում է աչքի բորբոքված վիճակի պահպանմանը»,- ասաց ակնաբույժը՝ հավելելով. «Մարդը չռած աչքերով է նայում համակարգչի էկրանին և հաճախ չի թարթում , իսկ մեր շոգ, աղտոտված պայմաններում և լուսավորության հանդեպ առանձնակի սիրո պատճառով, առաջանում է տեսողության ակնթարթային չորացում»: Այս պարագայում պետք է չմոռանալ աչքերը թարթել, քանի որ «թարթելը նպաստում է աչքի խոնավության պահպանմանը»:

 

1lur.am

loading...