Ընդդիմադիր 16 կուսակցությունները որոշում են կայացրել վարչապետի թեկնածու առաջադրել Վազգեն Մանուկյանին

Ընդդիմադիր 16 կուսակցությունները որոշում են կայացրել վարչապետի թեկնածու առաջադրել Վազգեն Մանուկյանին, որը անցումային կառավարություն կձեւավորի, եւ մեկ տարվա ընթացքում կիրականացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Կայացած հանդիպումից հետո «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք այս դժվար պահին որոշում են կայացրել որպես երկրի վարչապետի իրենց թեկնածու առաջադրել Վազգեն Մանուկյանին:

«Նա վարչապետ ընտրվելու դեպքում կասեցնելու է իր կուսակցական պատկանելությունը, լինելու է ապակուսակցական վարչապետ եւ որոշակի ժամնակ անց պարտավորվելու է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց ինքը չի մասնակցելու եւ չի աջակցելու որեւէ քաղաքական ուժի: Սա հիմնական պատճառներից էր, որ մեզ թույլ տվեց որոշում կայացնել Վազգեն Մանուկյանի օգտին»,- ասաց նա:

Վանեցյանը նաեւ հավելեց. «Անթերի մարդ չկա: Վազգեն Մանուկյանն ի՞նչ է, կոռուպցիոնե՞ր է, թալանչի՞ է, հայրենասեր չէ՞, անգրագե՞տ է: Նա մի մարդ է, որը եղել է ՀՀ-ի առաջին վարչապետը, որը եղել է Ղարաբաղ կոմիտեի ղեկավարը, ով ունեցել է բանակաշինության մեջ ամենամեծ լուման: Այսինքն Վազգեն Մանուկյանի պաշտպանության նախարար դառնալուց հետո մեր բանակը դարձել է կանոնավոր բանակ, ունեցել ենք զինված ուժեր: Վազգեն Մանուկյանն իր անցած ճանապարհով, ունեցած փորձով կարող է նստել բանակցային սեղանի շուրջ եւ լուծել Հայաստանի առջեւ ծառացած այն դժվարագույն խնդիրները, որոնց մեջ հայտնվել ենք»:

Վանեցյանն ասաց, որ առաջին քայլն արվեց, հայտարարվեց վարչապետի միասնական թեկնածուն. «Առաջիկա քայլերի մասին կասվի առաջիկա հանրահավաքին Վազգեն Մանուկյանը ելույթ կունենա եւ կներկայացնի առաջիկա անելիքների մասին հստակ ծրագիր»:

Դիտարկմանը, որ վարչապետ փոխելու համար անհրաժետ է ԱԺ-ի համաձայնությունը, արդյոք աշխատանքներ տարվում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության  պատգամավորների հետ, Վանեցյանը պատասխանեց. «Հանրության մեջ կա գրեթե 100 տոկոսանոց կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի տեսանկյունից այլեւս իրավունք չունի զբաղեցնելու վարչապետի պաշտոնը: Այդ մոտեցումը կա նաեւ խորհրդարանում: Միաժամանակ, պետք է ի վերջո նոր վարչապետի ընտրության հարցը լուծեն պատգամավորները: Այսօր իրականում կա այդ պահանջը, որ նոր վարչապետ պետք է լինի: Ուղղակի պետք է մեծացնենք հանրային ճնշման մեխանիզմները, եւ շատ կարճ ժամանակահատվածում ԱԺ-ում եղած պատգամավորները դուրս կգան իրենց ներքին վախերից եւ կքվեարկեն ժողովրդի թեկնածուի օգտին: Շատ արագ  ԱԺ-ն պետք է նախաձեռնի նոր վարչապետի ընտրություններ եւ մեր երկիրը կարողանանք դնել ճիշտ ուղու վրա»:

ԱՎԵԼԻՆ