Արցախից Հայաստան է մտել 9600-ից ավելի կենդանի. կոչ ենք անում մեքենաներից մսեղիք չգնել. ՍԱՏՄ ղեկավար

Հոկտեմբերի 11-ից սկսած իմ նախաձեռնությամբ հրավիրվեցին անասնաբույժ մասնագետներ, ստեղծեցինք աշխատանքային պլան, որով պետք էր շարժվել պատերազմական ժամանակաշրջանում, քանի որ կարող էին տարբեր կենսաբանական դիվերսիաներ տեղի ունենալ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Նրա խոսքով, Արցախին Հայաստան մտնող անցակետերում իրենց մասնագետները վերահսկողություն են իրականացրել՝ պարզելու, թե ինչքան եւ ինչ կենդանիներ են մտնում Հայաստանի տարածք. «Իմանալով, թե որտեղ են տանում կենդանիներին, տեղում իրականացվել են անասնաբուժական միջոցառումներ: Սկսել ենք դաբաղ հիվանդության պատվաստումից, ինչպես նաեւ բրուցելոզի տուգում ենք իրկանացրել: Այդ միջոցառումները թույլ տվեցին մեզ զերծ պահել բնակչությանը անասնահամաճրակային հիվանդություններից: Այս պահի դրությամբ որեւէ հիվանդ կենդանի չունենք: Միջոցառումները շարունակվում են, այլ հիվանդությունների դեմ եւս  կպատվաստվեն կենդանիները»,-ասաց Ավետիսյանը:

Նա հավելեց, որ այս ընթացքում Արցախից Հայաստան է մտել 9600-ից ավելի կենդանի: Դրանցից 4500-ը խոշոր եղջերավոր կենդանիներ են, մոտ 5 հազարը՝ մանր եղջերավոր, 140 խոզ եւ 60 ձի: «Սա այն թիվը չի, որ պետք է լիներ, կլինեն կենդանիներ, որ բերվել են սարերով, դաշտերով: Այսօր այդ ճշտումներն ենք անում նաեւ»,-ընգծեց ՍԱՏՄ ղեկավարը:

Անդրադառնալով մսի իրացմանը, ՍԱՏՄ ղեկավարը նկատեց, որ թեեւ Երեւանի խանութներում վաճառվում է միայն սպանդանոցային մսեղիք, սակայն գոյություն ունի բակային վաճառք, որն իրենց վերահսկողությունից դուրս է. «Դրա համար միշտ կոչ ենք անում մեքենաներից մսեղիք չգնել: Այդ խնդիրը կա, որի լուծումը չգիտեմ՝ ինչպես պետք է լինի: Խոսքը վերաբերում է նաեւ ձկանը, կաթնամթերքին եւ այլն»:

Ավետիսյանը նշեց, որ խախտում թույլ տված խանութները 100 հազար դրամով տուգանվում են:

ԱՎԵԼԻՆ