Տիգրան Ավինյանը ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ խոսել է գերիների փոխանակման գործընթացն արագացնելու մասին

Նոյեմբերի 30-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին՝ վերջինիս առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաեւ պատվիրակության նորանշանակ ղեկավար Թիերի Ռիբոյին: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Քլեր Մեյթրոյին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար, ինչպես նաեւ հույս հայտնել, որ Թիերի Ռիբոյի ղեկավարությամբ ԿԽՄԿ պատվիրակության հետ համապարփակ համագործակցությունը կշարունակվի ու էլ ավելի կընդլայնվի:

ԿԽՄԿ պաշտոնյաները շնորհակալություն են հայտնել ՀՀ պետական գերատեսչություններին աջակցության համար, որը հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով իրականացնել կազմակերպության առաքելությունը: Քլեր Մեյթրոն ու Թիերի Ռիբոն նաեւ մանրամասն ներկայացրել են ԿԽՄԿ աշխատանքների ընթացքը:

Կողմերը քննարկել են գերիների փոխանակման գործընթացին, անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին, զոհվածների դիերի հայտնաբերման գործողություններին վերաբերող մի շարք հարցեր: Տիգրան Ավինյանը կարեւորել է ԿԽՄԿ ցուցաբերած աջակցությունը եւ միջնորդական դերը, ինչպես նաեւ վերոնշյալ գործընթացներն արագացնելու հրատապությունը: Նա նշել է, որ հայկական կողմը ամբողջովին հետեւում է Ժնեւի կոնվենցիաներով եւ դրանց լրացուցիչ արձանագրություններով հաստատված ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի քաղաքակիրթ կանոններին, եւ շարունակելու է հետեւել  կոնվենցիաների տառին ու ոգուն:

Փոխվարչապետն անդրադարձել է ռազմական գործողությունների ընթացքում եւ դրանց ավարտից հետո Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի խախտման դեպքերին: Նա նաեւ մտահոգություն է հայտնել գերեվարված անձանց հետ վերադարձի, անհետ կորածների եւ զոհվածների դիերի որոնողական աշխատանքներում ադրբեջանական կողմի ստեղծած խոչընդոտների կապակցությամբ:

Տիգրան Ավինյանը ներկայացրել է գերիների փոխանակման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի առաջարկած հիմնական սկզբունքները ու մեխանիզմները: Նա նաեւ ընդգծել է գործընթացն առավելագույնս արագացնելու կարեւորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Արցախում առկա հումանիտար իրավիճակին ու արցախցիների կարիքների գնահատման հարցերին:

ԱՎԵԼԻՆ