Թուրքական ապրանքների արգելքի արդյունքում գնաճ չի սպասվում. Տիգրան Խաչատրյան

Ոչ բոլոր թուրքական ապրանքների ներմուծումն է սահմանափակվելու հունվարի 1-ից, միայն վերջնական սպառման ապրանքների: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով, այն կազմակերպությունները, որոնք իրենց արտադրությունները կազմակերպելիս որոշ չափով օգտագործում են նաեւ թուրքական ծագման ապրանքներ, հնարավորություն ունենան շարունակել իրենց արտադրությունը, չխաթարելով այդ ընթացքը:

«Իսկ վերջնական սպառման ապրանքների փոխարինման համար մենք նշել ենք, որ դեպքեր կան, որ դրանք հարեւան Իրանն է, դեպքեր կան, որ եվրոպական երկրներն են, դեպքեր կան, որ ԵԱՏՄ երկրներն են: Ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր ձեռնարկատերերը երկար ժամանակ լինելով այդ բիզնեսում, իրենք բավականաչափ  լավ գիտեն, թե որտեղ են դրանց այլընտրանքային շուկաները: Այս որոշման մասին հայտարարվել է մի քանի շաբաթ առաջ եւ այս ընթացքում չի եղել մի դեպք, որ որեւէ ձեռնարկատեր դիմի մեզ ու ասի՝ բա որ այս ապրանքը ես ներմուծում էի Թուրքիայից ու վաճառում էի Հայաստանում, հունվարից այլեւս չեմ կարող ներկրել, խորհուրդ տվեք, թե որտեղից ներկրեմ: Սա նշանակում է, որ իրենք գիտեն: Մենք նաեւ ասել ենք, որ եթե կլինեն փոքր բիզնեսներ, որոնք այդ հարցում փոխհատուցման կարիք կունենան, ապա մենք նշանակել ենք համապատասխան մասնագետների խումբ, որոնք կլսեն, կօգնեն, որ այդ բիզնեսները վերակառուցելու ընթացքում մարդիկ հնարավորինս քիչ խնդիրների առնչվեն»,-ասաց նախարարը:

Նա հավելեց, որ այլընտրանքային շուկաներին անցնելու դեպքում գնային մեծ փոփոխություններ չեն լինելու ձեռնարկատերերի համար. «Շատ դեպքերում ուղղակի մարդիկ սովոր են աշխատել տվյալ շուկայում: Բայց երբ որ իրավիճակը փոխվում է, որոշ ժամանակ են ծախսում, ուրիշ շուկաների ուսումնասիրություն են կատարում եւ չեմ բացառում, որ իրենք կարող է պարզեն, որ նույն տիպի բիզնեսով կարող են զբաղվել այլ շուկաներից ներկրոլով եւ ապահովել ավելի բարձր շահույթներ»:

Տիգրան Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ թուրքական ապրանքների արգելքի արդյունքում գնաճ չի սպասվում. «Չի կարող լինել գնաճ մեկ պարզ պատճառով. մեր գնահատականները վկայում են, որ վերջնական սպառման ապրանքները, որ ներկրվում էին Թուրքիայից, տարեկան 50 մլն դոլարը չէին գերազանցում: Մենք 5 մլրդը գերազանցող ներմուծումներ ունենք, դա քանի տոկոս է ընդհանուրի մեջ: Եթե դիտարկենք յուրաքանչյուր ապրանքային սեգմենտ, եւ դիտարկենք անգամ այդ 50 մլն դրամի մեջ որ ապրանքներն են ընդհանուր սպառման շուկայում իրենց տեսակարար կշռով, կտեսնեք, որ աննշան տեսակարար կշիռ ունեն: Հետեւաբար, եթե մեկ փոքր քանակությունը փոխարինվում է մեկ այլ փոքր քանակությամբ, ինքը շուկայական հավասարակշիռ գնի վրա չի ազդելու»:

Կոնկրետ ցիտրուսային մրգերի առումով նախարարն ասաց, որ դրանք Թուրքիայի փոխարեն կբերվեն Հունաստանից, Իրանի, Թունիսից, Եգիպտոսից:

ԱՎԵԼԻՆ