Ամաչում եմ, որ այս պահին էլ լրատվական դաշտում կան վարձու գրչակներ.Արտյոմ Ծառուկյան

Մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ ԲՀԿ-ում տարաձայնություններ կան, և ոմանք չեն ցանկանում ռազմադաշտ  գնալ: Մասնավորապես, նշվում  է` կուսակցության խորհրդարանական խմբակցության ոչ բոլոր տղամարդ պատգամավորներն են պատրաստակամություն հայտնել մեկնելու առաջնագիծ և մասնակցելու մարտական գործողություններին, թեև դրա մասին չեն ցանկանում բարձրաձայնել: ԱԺ  «Բարգավաճ  Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը MegaNews.am-ի հետ զրույցում վստահեցրեց` այդ լուրերն իրականությանը  չեն համապատասխանում:  «Շատ վատ եմ ինձ  զգում և ինչ-որ տեղ ամաչում եմ, որ այս պահին էլ լրատվական դաշտում կան վարձու գրչակներ, որոնք  իրականությանը բացարձակ չհամապատասխանող, սուտ տեղեկատվություն են տարածում»,- մեր թղթակցի հետ  զրույցում նշեց պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը: Նա վստահեցրեց` ԲՀԿ-ում աշխատանքները բնականոն հունով առաջ են ընթանում: «Մեր աշխատանքը լուսաբանվում է: Հանրությունն ամեն ինչ տեսնում է,  տեղեկություններ  է  ստանում: Ասեմ, որ այս պահին  էլ աշխատանքները մեծ թափով  ընթանում են, կամավորականների առաջին խումբն արդեն իսկ մեկնել է Արցախ: Բազմաթիվ մարդիկ  ցանկացան  կամավորագրվել, այժմ  էլ կամավորագրվում  են, նրանց հոսքը  չի դադարում»,- նշեց պատգամավորը: Նա ընդգծեց` նաև թիկունքի հետ կապված խնդիրներն են լուծվում: Արվում է ամեն ինչ, որպեսզի առաջնագծում մեր քաջերը  անհրաժեշտ պարագաների պակաս չզգան: «Իհարկե, փակագծերը չեմ կարող շատ բացել, բայց  ասեմ, որ թիմում  բոլորն էլ իրենց մասնակցությունն ունեն: Այս  մեխանիզմները շատ հստակ ու արդյունավետ աշխատում են»,- նշեց Արտյոմ Ծառուկյանը:

ԱՎԵԼԻՆ