Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմում է ժողովրդին (ուղիղ)

Արդեն մեկ ամիս է, ինչ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերը պատերազմ  են մղում Արցախի եւ հայության դեմ: Արցախի բանակի եւ բնակչության վրա այս ընթացքում թափվել են հազարավոր արկեր, հրթիռներ, բաց թողնվել հազարավոր ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարձակվել է տանկերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով, ահաբեկիչներով, վարձկաններով, թուրք ու պակիստանցի հատոկջոկատայիններով: Այս մասին այսօր ժողովրդին ուղղված ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեկ ամիս առաջ նրանք Արցախը արագ նվաճելու, Արցախի կործանելու, ծնկի բերելու խնդիր էին դրել իրենց առջեւ: Սակայն Արցախն այսօր թեկուզ վիրավոր, բայց կանգուն է եւ այս ամենն առաջին հերթին մեր հերոսական բանակի, մեր հերոսական ժողովրդի, հերոսական մարդու շնորհիվ:

Այս դաժան, բայց հերոսական ընթացքը մեզ վստահություն է տալիս, որ Արցախը կանգուն է մնալու, որովհետեւ ոգին անկոտրում է, մեր կամքը՝ անսասան:

Պատերազմը մտել է մի փուլ, երբ դրա շարունակության ամեն մի վայրկյանը տեղապտույտի մեջ է գցում ամեն անգամ հրադադարը ուխտադրուժ կերպով խախտող հակառակորդին՝ փլուզելով նրա ունեցած իլյուզիաները: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այնքան է հաղթական լուրերով սնել սեփական հանրությանը, որ նրանք արդեն երկար ժամանակ ամեն օր, ամեն րոպե սպասում են Արցախի անկման իրենց վերջնական եւ անշրջելի ահղթանակի մասին լուրին:

Ադրբեջանի հանրությունը սակայն այդ լուրը չի ստանալու, եւ այս լուրի անվերջ սպասումն է, որ քանդելու է Արցախը նվաճելու ադրբեջանական պլանները: Արցախի ժողովուրդը, հայ ժողովուրդը կռվելու է անմնացորդ, ամեն ծառի, ամեն քարի, ամեն սանտիմետրի եւ ամեն միլիմետրի համար: Անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու: Հենց այս պահը հասունացնելն է Արցախի ՊԲ-ի խնդիրը, եւ մենք պետք է ամեն ինչով աջակցենք, թեւ ու թիկունք լինենք Արցախին ու Արցախի ՊԲ-ին:

Այդ խնդիրները լուծելու համար մեզ հարկավոր է ժողովրդական ուժերի բացառիկ համախմբում եւ կարգապահություն: Ռազմական դրության, առավել եւս մարտական պայմաններում պիտի գործի հրամանները անվերապահորեն եւ առանց քննարկման կատարելու տրամաբանությունը: Հրաման չկատարողները, հրաման կատարելու կամքը սասանողները պետք է ենթարկվեն խստագույն պատժի, պատասխանատվության եւ հանրային արգահատանքի: Որեւէ բան չպետք է արդարացում դառնա նրանց համար, որովհետեւ խաղասեղանին հայրենիքի ու ժողովրդի ճակատագիրն է, եւ մենք չենք կարող թույլ տալ Արցախի կորուստ կամ հայաթափում»:

Սիրելի ժողովուրդ,

Ես տեղյակ եմ, որ երեկվա իմ ելույթը բավականին հակասական գնահատականների տեղիք է տվել եւ անեղծ ասած, թող տարօրինակ չթվա, բայց ուրախ եմ դրա համար: Այդ ելույթն ուներ երկու նպատակ. միջազգային հանրությանն ի ցույց դնել հայկական կողմի կառուցողականությունը, եւ նաեւ հայ ժողովրդի հաստատակամությունը Արցախի իրավունքների համար անմնացորդ պայքարելու տրամաբանության մեջ: Երկու խնդիրն էլ լուծված են լիովին, մի փոքր անսովոր, բայց բավական արդյունավետ ձեւով:

Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր  հաստատակամության համար: Խնդիրն ահա երեկվա ելույթի արդյունքում առաջացած էներգիան վերածել կոնկրետ գործի՝ բոլորս հանուն Արցախի: Այս տրամաբանությունն է, որ պետք է գործի այս օրերին: Այս օրերին ողջ պետական համակարգն աշխատում է կազմակերպչական բացերը վերացնելու, յուրաքանչյուր օղակի գործողություններն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Մեր հնարավորությունները անսահմանափակ չեն, բայց Արցախի պաշտպանության բանակն ունի բավարար չափով զենք եւ ներուժ իր առջեւ դրվա խնդիրներըև լուծելու համար: Այո, մենք աշխարհում ունենք բազմաթիվ թշնամիներ, բայց ունենք նաեւ բարեկամներ, որոնք դժվար պահին կանգնում են, կանգնած են եւ կկանգնեն մեր կողքին: Շնորհակալ հայ ժողովուրդը այդ վերաբերմունքը երբեք չի մոռանա:

 

ԱՎԵԼԻՆ