«Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի մեծ հեռուստամարաթոն

Չնայած կորոնավիրուսի համավարակին, «Հայաստան» համահայկական հիմնադրամը մտադիր չէ խախտել ավանդույթները եւ նոյեմբերի վերջին հինգշաբթի կանցկացնի մեծ հեռուստամարաթոն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը։

Նրա խոսքով՝ հեռուստամարաթոնը տեղի կունենա ավանդական ձեւաչափով։ «Հնարավոր է՝ առցանց մասն ավելի շատ լինի, քան սովորաբար»,- նշեց Արշամյանը՝ շեշտելով, որ Հիմնադրամի կողմից անցկացվող ավանդական հեռուստամարաթոնը ամբողջ հայությանը միավորելու յուրատեսակ միջոց է։

Հեռուստամարաթոնը նվիրված կլինի սահմանամերձ համայնքների ուժեղացմանը։ Նա նշեց, որ Տավուշի մարզում հուլիսյան իրադարձություններից հետո Հիմնադրամը հանդես է եկել տուժած համայնքներն ուժեղացնելու նախաձեռնությամբ, իսկ հիմա նախատեսվում է այս նախաձեռնությունն ընդլայնել։ Ընդ որում՝ ընդլայնումը կանդրադառնա ինչպես աշխարհագրությանը, այնպես էլ ծրագրերի բաղադրիչներին։ «Մենք նախապես նպատակ ենք դնում ուժեղացնել սահմանամերձ համայնքները։ Մենք նման նախաձեռնությամբ ենք հանդես եկել ընթացիկ տարվա ամռանը Տավուշի մարզում տեղի ունեցած իրադարձություններից հետո։ Հիմա նախատեսում ենք այն ընդլայնել, քանի որ Հայաստանում, Տավուշից բացի, կան մեծ թվով այլ սահմանամերձ շրջաններ։ Արցախն ինքնին սահմանամերձ է»,- ասաց նա։

Նա նշեց, որ համայնքների ուժեղացման առումով նախատեսվում է մի քանի ուղղություններով ծրագրերի իրականացում՝ առողջապահության համակարգերի զարգացման ծրագրեր, սահմանամերձ գյուղերը ոռոգման եւ խմելու ջրով ապահովելու ծրագրեր, վերականգնվող էներգիայի ծրագրեր, նշված գյուղերում փոքր բիզնեսի խթանում։

Նախկինում իրականացվել են սահմանամերձ գյուղերում փոքր բիզնեսի խթանման ծրագրեր, բայց վերաբերել են բացառապես ջերմոցային տնտեսություններին, իսկ հիմա նախատեսվում է այս բաղադրիչի ընդլայնում՝ տարածելով գործունեության բոլոր տեսակների վրա։ «Պարտադիր բաղադրիչ կլինի սիրիահայերին եւ լիբանանահայերին աջակցության ցուցաբերումը, որոնք կցանկանան իրենց բիզնեսը հիմնել այս համայնքներում»,- ամփոփեց նա։

ԱՎԵԼԻՆ