Մենք որեւէ դեպքում որեւէ հետ քայլ չենք անելու, եթե անգամ պարոն Ծառուկյանը կալանավորված լինի.Իվետա Տոնոյան

Մենք որեւէ դեպքում որեւէ հետ քայլ չենք անելու, եթե անգամ պարոն Ծառուկյանը կալանավորված լինի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, դատարանի դիմաց, որտեղ քննվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:

Նա նշեց, որ ամեն դեպքում ուզում է հավատալ, որ դատարանը չի տրվի քաղաքական հետապնդումներին եւ արդարադատություն կիրականացնի:

Չնայած դրան՝ Իվետա Տոնոյանն ասաց, որ նախատեսված հանրահավաքը բոլոր դեպքերում իրականացնելու են եւ գնալու են իրենց նախանշած սցենարով: «Եթե ԱԱԾ-ն ստանձնում է քրեական գործի հետ կապված փաստաթղթերը կողմերին տեղ հասցնելու գործառույթը, այս դեպքում թերեւս ԱԱԾ հապավումը կարելի է անվտանգ առաքման ծառայություն բացել»,-ասաց նա եւ նշեց, որ որեւէ փաստական, իրավական հենք այս քրեական գործը չունի։

«Ինձ համար շատ կանխատեսելի են իշխանությունների գործողությունները, ես չեմ բացառում, որ միգուցե իշխանությունները կարողացել են գտնել այս կամ այն հեռավոր գյուղում ինչ-որ մարդուն, որին համոզել, խնդրել, աղաչել են՝ ասենք, օրինակ՝ ցուցմունք տալ, թե ԲՀԿ-ն իրենց ընտրակաշառք է տվել: Ինձ համար զավեշտալի է, որ հանրահավաք անցկացնելու գեթ մեկ հայտարարությունից հետո, իշխանությունները կոնկրետ ցնցակաթվածի մեջ են ընկնում»,-ասաց նա:

Իվետա Տոնոյանը նաեւ նշեց, որ իրենք կանխակալ մոտեցում են տեսնում, որ իշխանություններն իրենց համար ցանկալի դատարանում, իրենց համար ցանկալի դատավորի գործի քննությամբ կարողանան հասնել Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը:

Նա նշեց, որ որեւէ խառնաշփոթ եւ որեւէ խուճապ ԲՀԿ-ի շարքերում չկա, նաեւ արտահոսք չկա: «Որեւէ մեկի նկատմամբ քրեական գործերի հարուցումը իշխանության կողմից ես չեմ բացառում, իշխանության կողմից մեկնարկած քաղաքական հետապնդման գործընթացի շրջանակում հնարավոր է ամեն ինչ»,-ասաց նա եւ նշեց, որ ՀՅԴ-ի, «Հայրենիք» կուսակցությունների հետ ունեն շատ արդյունավետ գործակցություն:

ԱՎԵԼԻՆ