ՄԱԿ գլխավոր քարտուղարը համավարակի ընթացքում գլոբալ համերաշխության կոչ է արել

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը COVID-19-ը հաղթահարելու համար համավարակի ընթացքում մինչեւ տարեվերջ գլոբալ համերաշխության եւ համաշխարհային հրադադարի կոչ է արել:

Գուտերեշը համավարակը բնութագրել է որպես «ոչ միայն տագնապի ազդանշան», այլեւ «գլխավոր փորձ»՝ առաջիկա խնդիրների համար: «Փոխկապակցված աշխարհում ժամանակն է ընդունել մի պարզ ճշմարտություն՝ համերաշխությունը անձնական շահ է: Եթե մենք դա չհասկանանք, բոլորը կպարտվեն»,- ասել է նա ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի բարձր մակարդակի ընդհանուր քաղաքական բանավեճում:

Նա ընդգծել է այս պահին համերաշխության անհրաժեշտությունը՝ հատկապես հաշվի առնելով, որ այն երկրները, որոնք ամենաքիչն են ունակ հաղթահարել COVID-19-ը, չափազանց քիչ օգնություն են ստացել: «Մենք պետք է առաջնորդվենք գիտությամբ եւ կապված լինենք իրականությանը»,- հավելել է նա: «Պոպուլիզմը եւ ազգայնականությունը ձախողվել են: Վիրուսը զսպելու այդ մոտեցումները հաճախ իրավիճակն ավելի են վատթարացրել»: Համավարակը բացահայտել է խոցելիությունն ու անհավասարությունը ամբողջ աշխարհում, ասել է նա: Գուտերեշը նաեւ առիթն օգտագործել է կրկնելու համար համավարակի ընթացքում համաշխարհային զինադադարի մասին իր կոչը: «Եկել է ժամանակը խաղաղության եւ հաշտեցման նոր հավաքական մղման», – նշել է նա: «Ես կոչ եմ անում ակտիվացնել միջազգային ջանքերը՝ Անվտանգության խորհրդի գլխավորությամբ, մինչեւ այս տարվա վերջ գլոբալ հրադադարի ռեժիմի հասնելու համար: Մենք ունենք 100 օր: Ժամանակը գնում է»:

Նա ընդգծել է, որ հրադադարը շատ էական է ոչ միայն թեժ հակամարտությունները դադարեցնելու համար՝ մատնանշելով նոր «սառը պատերազմը» կանխելու անհրաժեշտությունը:

«Մենք շարժվում ենք շատ վտանգավոր ուղղությամբ: Մեր աշխարհը չի կարող իրեն թույլ տալ մի ապագա, որտեղ աշխարհի երկու խոշոր տնտեսությունները կպառակտեն երկրագունդը՝ յուրաքանչյուրն իր առեւտրային եւ ֆինանսական կանոններով, ինչպես նաեւ ինտերնետի եւ արհեստական բանականության հզորությամբ»,- զգուշացրել է նա: «Տեխնոլոգիական եւ տնտեսական բաժանումը անխուսափելիորեն կվերածվի աշխարհառազմավարականի եւ ռազմականի: Մենք ամեն գնով պետք է խուսափենք դրանից»:

ԱՎԵԼԻՆ