2100 թվականին ծովի մակարդակը 38 սանտիմետրով կբարձրանա

Գլոբալ տաքացման ամենասարսափելի հետեւանքներից մեկը համաշխարհային օվկիանոսի ջրի մակարդակի բարձրացումն է։ NASA-ի վերջին գնահատականներով՝ եթե տարբեր ջերմոցային գազերի գլոբալ արտանետումների քանակությունը չնվազի, ապա Գրենլանդիայի եւ Անտարկտիդայի սառցե վահանների հալչելը կհանգեցնի 2100 թվականին ծովի մակարդակի 38 սանտիմետրով բարձրացման, փոխանցում է «Պոպուլյարնայա մեխանիկան»։

NASA-ի Գոդարդի անվան տիեզերական թռիչքների կենտրոնը ղեկավարել է միջազգային նախագիծ, որին մասնակցել են 60-ից ավելի փորձագետներ։ ISMIP6 կոչված նախագիծը (սառցե վահանների համեմատական մոդելավորման նախագիծ) ստեղծվել է ավելի լավ հասկանալու, թե որքանով աղետալի կլինի սառցե ծածկույթի հալչումը։ Միջազգային խմբի աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ Գրենլանդիայի ահռելի սառցե ծածկոցը կարող է 2100 թվականին 8-ից մինչեւ 27 սանտիմետրով բարձրացնել ծովի գլոբալ մակարդակը։ Իսկ Անտարկտիդայի ընդարձակ սառցե վահանները հարյուրամյակի վերջին պոտենցիալ կարող են ծովի մակարդակը բարձրացնել 3-ից մինչեւ 28 սանտիմետր։ Գիտնականները աշխատանքի ընթացքում հայտնաբերել են նաեւ, որ XX դարի ընթացքում համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրացել է գրեթե 15 սանտիմետրով։ Հիմա այս գործընթացը 2 անգամ արագացել է։

Cryosphere ամսագրում հրապարակված նոր տվյալները հետազոտողներին օգնում են կատարել սառցե վահանների հալչելու որակյալ գնահատական։ «Ամենամեծ բացերից մեկը, երբ խոսքն առնչվում է նրան, թե ապագայում ծովի մակարդակը որքան կբարձրանա, այն է, թե ինչ ավանդ կբերեն սառցե վահանները»,- ասել է նախագծի ղեկավար Սոֆի Նովիցկին։

Գիտնականներն իրենց աշխատանքում մոդելավորել են նաեւ արտանետումների նվազագույն մակարդակով իրավիճակը։ Գրենլանդիայի սառցե վահանի դեպքում դա կհանգեցներ ծովի մակարդակի 3-9 սանտիմետրով գլոբալ բարձրացման։ Անտարկտիդայում գործընթացները հասկանալն ավելի դժվար է։ Գիտնականների խոսքով՝ բացառված չէ տարբերակը, որ արտանետումները կարող են հանգեցնել նաեւ  ջրի մակարդակի «նվազման»։

Գիտնականները, սակայն, հայտնում են, որ համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումն ավելի շուտ անխուսափելի է, բայց «մենք [գիտնականները] այս նոր արդյունքներով կարող ենք մեր ջանքերը ճիշտ ուղղությամբ կենտրոնացնել եւ ստույգ իմանալ, թե ինչի վրա է անհրաժեշտ աշխատել, որ շարունակենք բարեկավել կանխատեսումները»։

Հիշեցնենք՝ վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ մեծ թվով ափամերձ տարածաշրջաններ արդեն 2050 թվականին ստիպված կլինեն ապրել մշտական բնական քաոսում։

ԱՎԵԼԻՆ