Ալեքսանդր Լուկաշեկոն այսօր հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշեկոն այսօր հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։

«Մենք Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, որ անհրաժեշտ է Բելառուսի տարածքում շարունակել «Սլավոնական եղբայրություն» զորավարժությունները, որոնք անցկացվում են Բրեստի տակ։ Մենք ողջունում ենք այդ զորավարժությունները, եւ լավ է, որ դրանք անցկացվում են, ընդ որում, ինչպես ինձ զեկուցում են, հաջողությամբ են անցկացվում։ Անհրաժեշտ է մտածել զորավարժությունների երկրորդ փուլի եւ այլ զորավարժությունների մասին, ծրագիր մշակել, չնայել այս ու այն կողմ, թե ով եւ ինչ կասի մեզ,- նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ – Մենք չենք պատրաստվում ոչ մեկին լարել, ինչ-որ բան լկտիաբար անել, բայց մեր շահերը պետք է պահպանենք»։

Ռուսական ռազմական պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի  գլխավորությամբ աշխատանքային այցով ժամանել է Բելառուս։ Մինսկում հանդիպման ժամանակ տեղի կունենա քննարկում Բելառուսի եւ Ռուսաստանի երկկողմ ռազմական համագործակցության հարցերի շուրջ։ «Ես նաեւ Ռուսաստանի նախագահից խնդրել եմ սպառազինության մի քանի տեսակներ։ Նրան ասել եմ, որ երբ դուք գաք, կտեսնենք, թե մենք ինչ եւ որտեղ ենք ամրապնդելու Միութենական պետության առումով։ Վախենալու ոչ մի բան չկա, մենք պատրաստ ենք դրան գնալուն։ Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է ավելի համարձակ պաշտպանել ե՛ւ բելառուսների, ե՛ւ ռուսաստանցիների շահերը։ Այնպես է ստացվել, որ մենք այս իմաստով մենակ ենք մնացել, բայց ամենաթույլը չենք»,- հայտարարել է պետության ղեկավարը։

«Եթե որեւէ մեկը կարծում է, որ Բելառուսը թուլացել է, որ չենք դիմանա, որ Ռուսաստանը մի կողմ կքաշվի, ապա դա հիմարների դատողություն է։ Մենք ի վիճակի ենք իրավիճակը զսպել ոչ միայն Բելառուսում, այլ նաեւ մեր սահմանների պարագծով։ Դուք կարող եք չկասկածել մեր հուսալիությանը Բրեստից մինչեւ Վլադիվոստոկ մեր ընդհանուր հայրենիքի պաշտպանության իմաստով,- շեշտել է Բելառուսի նախագահը։ – Վերջին իրադարձությունները մեզ ավելի շատ են հակում նրան, որ մենք միասին լինենք, եւ ոչ մի դեպքում չհաջողվի մեր միջեւ սեպ խրել նրանց, ովքեր դրա վրա էին հույս դրել եւ դնում են»։

ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր հերթին նշել է, որ այս տարվա համար բելառուս եւ ռուս զինվորականների համար նախանշված է մոտ 130 համատեղ միջոցառում՝ զորավարժություններ, հանդիպումներ, համատեղ նիստեր՝ ինչպես երկկողմ համագործակցության ձեւաչափով, այնպես էլ միջազգային հարթակներում։ Հիմա, օրինակ, ընթանում է «Սլավոնական եղբայրություն» զորավարժությունը։ «Ցավոք, ծրագիրը կատարել են միայն 30 տոկոսով։ Մենք պետք է մինչեւ տարեվերջ հասնենք գոնե 70 տոկոսի։ Իսկ դրա համար պետք է խտացնել եւ անցկացնել հիմա ընթացող զորավարժությունների երկրորդ փուլը։ Հոկտեմբերին մենք կունենանք հաջորդ զորավարժությունները»,- հավելել է Սերգեյ Շոյգուն։

ԱՎԵԼԻՆ