Գյումրիում մեկնարկել են Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատանքները

Գյումրիում սեպտեմբերի 15-ին մեկնարկել են Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատանքները:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ կենտրոնի գործարկումը բեկումնային կլինի մաքսային մարմնի հետագա զարգացման եւ ռազմավարական թիրախային ուղղությունների սահմանման համար։  Կենտրոնն առայժմ կծառայի որպես Հյուսիսային մաքսատուն-վարչություն՝  իրականացնելով վարչության համապատասխան  գործառույթները եւ կկենտրոնանա հյուսիսային դարպասներով արտահանումներին վերաբերող մաքսային ձեւակերպումների վրա: «Այժմ հռչակում ենք, որ արտահանման գործարքների համար կենտրոնը պատրաստ է աշխատանքի եւ մեր բոլոր տնտեսվարողներին, հյուսիսային դարպասով արտահանումներ իրականացնողներին հրավիրում ենք Գյումրիի ԱՏԳ կենտրոն՝  արտահանման գործարքները ձեւակերպելու համար, որովհետեւ ծառայություններն իրականացվելու են շատ ավելի արագ եւ շատ ավելի հարմարավետ»,-ընդգծել է կոմիտեի ղեկավարը:

Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի ստեղծմամբ հնարավորություն է ընձեռվում ապահովել «մեկ հարկի տակ» ծառայությունների մատուցում՝ մի կողմից ապահովել կենտրոնում ԱՏԳ գործառնություններին առնչվող մարմինների ֆիզիկական տեղակայում, մյուս կողմից՝ իրականացնել էլեկտրոնային կառավարման համակարգերի կիրառմամբ ծառայությունների մատուցում։ Նման մոտեցման ներդրմամբ նախատեսվում է ստեղծել սերտ համագործակցության հարթակ մաքսային, թույլատրող փաստաթղթեր տրամադրող եւ ԱՏԳ գործունեությանն առնչվող պետական այլ մարմինների միջեւ: Այն հնարավորություն կընձեռի ապահովել սահուն գործընթացներ տնտեսվարողների համար` բացառելով տնտեսվարողի կողմից տարբեր գերատեսչություններ ներկայանալու, փաստաթղթերը եւ տեղեկատվությունը բազմակի ներկայացնելու անհրաժեշտությունը:

Այսպիսով, Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոնի գործարկմամբ՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելը կդառնա դյուրին, տնտեսվարողները կօգտվեն ծառայություններից «մեկ պատուհան» սկզբունքով, իսկ «մաքսային մարմին-տնտեսվարող» փոխգործակցությունը տեղափոխվում է նոր եւ ժամանակակից հարթակ՝ հիմնված արդիականացված ենթակառուցվածքների եւ ժամանակակից տեխնոլոգիական լուծումների վրա։ «Կենտրոնի ամբողջական շինարարական աշխատանքների  ավարտից հետո այն պատրաստ կլինի որպես հյուսիսային սահմանում իրականացվող ամբողջական մաքսային ծառայություններ սպասարկող համալիր կենտրոն»,-տեղեկացրել է ՊԵԿ նախագահը:

Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոնի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի օգոստոսից: Կառուցման համար մինչ այժմ պետբյուջեից հատկացվել է շուրջ 5 մլրդ դրամ: Ներկա պահին ընթանում են նախագծման նախահաշվային աշխատանքները: Երկրորդ փուլում նախատեսվում են ներկրումների համար՝ մաքսային պահեստի, բեռնատարների համար՝ մեծ կայանատեղիի կառուցում եւ այլ համալիր ենթակառուցվածքների ստեղծում: ԱՏԳ սպասարկման կենտրոնն ամբողջությամբ շահագործման կհանձնվի 2022թ.:

ԱՎԵԼԻՆ