Ծովագյուղում իրականացվող ապօրինի շինարարության գործով ՔՏՀԱՏՄ-ն դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից կատարված ուսումնասիրությամբ   պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում գտնվող Մ-14 ավտոմայրուղու Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս 11.5 կմ հատվածում՝ մայրուղուց լիճ ընկած տարածքում կատարվում են շինարարական աշխատանքներ:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կատարվող շինարարական աշխատանքների վերաբերյալ ՔՏՀԱ տեսչական մարմին չեն ներկայացվել շինարարության թույլտվություն եւ տեղեկանք, ինչը ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 15-ի թիվ 596-Ն որոշման պահանջների խախտում է եւ նշված շինարարական աշխատանքները դիտարկվում են որպես ինքնակամ:

Տեսչական մարմինը 2020 թ․ հունիսի 23-ին գրություն է ուղարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գեւորգյանին` տեղեկացնելով համայնքում իրականացվող ապօրինի շինարարական աշխատանքների մասին։

Ծովագյուղ համայնքի ղեկավարին՝ համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջների, առաջարկվել է կասեցնել վերոհիշյալ հասցեում իրականացվող ինքնակամ շինարարությունը եւ ապահովել դրա հետեւանքների վերացումը, որից հետո ձեռնարկված միջոցառումների մասին տեղյակ պահել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնին: Սակայն նշված ժամանակահատվածում համայնքի ղեկավարի կողմից ոչ մի միջոց չի ձեռնարկվել ապօրինի շինաշխատանքները դադարեցնելու ուղղությամբ։

Ծովագյուղ համայնքի ղեկավարից պատասխան գրություն չստանալու արդյունքում Տեսչական մարմինը օգոստոսի 14-ին երկրորդ գրությամբ է դիմել համայնքի ղեկավարին, որպեսզի վերջինս ապահովի ինքնակամ շինարարությունների անհապաղ դադարեցումը եւ օրենքով սահմանված կարգով ձեռնարկի համապատասխան միջոցառումներ, ինչը կրկին չի իրականացվել եւ մինչ օրս մնացել է անպատասխան։

Ելնելով վերոգրյալից եւ հիմք ընդունելով արձանագրված խախտումների բնույթը, ՔՏՀԱ տեսչական մարմինը համապատասխան նյութեր է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ քաղաքաշինության բնագավառում խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու համար:

ԱՎԵԼԻՆ