ՌԴ-ից դրամական փոխանցումները նվազել են, ԱՄՆ-ից՝ աճել

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2019-2020թթ.-ի հունվար-հուլիսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած եւ արտերկիր կատարված փոխանցումներին:

Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած գումարների ծավալները 2019թ.-ի հունվար-հուլիսի նկատմամբ նվազել են 15.3%-ով՝ կազմելով 893.3 մլն ԱՄՆ դոլար, իսկ արտահոսքը 20.3%-ով՝ կազմելով 622.4 մլն ԱՄՆ դոլար։ Ներհոսքի ամենամեծ անկումը գրանցվել է ՌԴ-ից՝ 28.2%, մինչդեռ ԱՄՆ-ից ներհոսքի ծավալներն աճել են 22.1%-ով։

Առավել ընդհանրական պատկեր ստանալու համար պետք է հաշվի առնել, որ կատարվող փոխանցումների ծավալների փոփոխությունը, ի թիվս այլ գործոնների, մեծապես կախված է արտագնա աշխատանքի մեկնող ֆիզիկական անձանց մեծ թվից (հիմնականում ՌԴ-ից ներհոսք) եւ ԱՄՆ-ում մեծաթիվ հայկական սփյուռքի առկայությունից։ Ինչպես արդեն բազմիցս նշել ենք, այս ժամանակահատվածի արտահոսքի ծավալների կրճատումը պայմանավորված է եղել 2019թ.-ին հատկապես դեպի ԱՄՆ եւ այլ երկրների մեքենաների առքով: Վերջին հանգամանքով էլ պայմանավորված է նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ այս տարվա հունվար-հուլիսին ԱՄՆ արտահոսքի ծավալների 54.8% կրճատումը եւ արդյունքում՝ ԱՄՆ-ից զուտ ներհոսքի` 122.9 մլն ԱՄՆ դոլարով երկնիշ տոկոսային աճը՝ 10.8%։

Այսպիսով՝ 2020թ. հունվար-հուլիսին 2019թ.-ի համապատասխան ժամանակահատվածի համեմատ ֆիզիկական անձանց կողմից կատարված դրամական փոխանցումների արդյունքում եւ՛ ներհոսքը, եւ՛ արտահոսքը նվազել են, ինչը հանգեցրել է զուտ ներհոսքի 1.2% կրճատմանը։ Այստեղ մեծ նշանակություն ունի նաեւ կորոնավիրուսի համավարակը, քանի որ  փակ սահմանների հետեւանքով շատերը զրկված են եղել արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորությունից, դրան ավելանում է նաեւ համավարակի տնտեսական սահմանափակումներով պայմանավորված տնտեսական ու ֆինանսական բարդությունները, որոնք նույնպես ազդել են ՀՀ փոխանցվող գումարների ծավալների վրա: Ստեղծված իրավիճակի փոփոխությունը մեծապես կախված է նաեւ ՀՀ քաղաքացիների համար ՌԴ սահմանների բացման ժամկետից, ինչպես նաեւ ՌԴ-ում առկա տնտեսական վիճակից:

ԱՎԵԼԻՆ