Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանը կվերսկսի ուղեւորափոխադրումները դեպի Հայաստան

Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանը կվերսկսի ուղեւորափոխադրումները դեպի մերձավոր արտասահման, ներառյալ՝ Հայաստան: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ռուսաստանի զբոսաշրջային ընկերությունների «Вестник АТОР» ասոցիացիայի հրապարակմանը:

Ըստ նրա աղբյուրների՝ սեպտեմբերի 1-ից ավիաընկերությունները կսկսեն կանոնավոր թռիչքներ իրականացնել դեպի ԱՊՀ երկրների մեծ մասը, այդ թվում՝ Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան եւ Հայաստան:

Ինչպես նշում են փորձագետները, նման որոշման մի քանի պատճառ կա: Նախ՝ Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կայունացել է: Բացի այդ, սեպտեմբերին երկրում նախատեսում են սկսել COVID-19-ի դեմ պատվաստանյութի արդյունաբերական արտադրությունը:

Համաճարակաբանական իրավիճակը բարելավվել է նաեւ Համագործակցության երկրներում: Բացի այդ, նրանք մտադիր են գնել ռուսական պատվաստանյութը, ինչը կօգնի նաեւ վերականգնել Ռուսաստանի հետ հումանիտար եւ գործարար կապերը:

Միաժամանակ, դեռեւս հայտնի չէ, թե երբ զբոսաշրջիկների համար կբացվի ռուս-բելառուսական սահմանը: Նշվում է, որ «Բելավիա» ավիաընկերությունը դեպի Ռուսաստան թռիչքների չեղարկումը երկարաձգել է մինչեւ օգոստոսի 21-ը:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Ռուսաստանը մարտի 27-ից դադարեցրել է կանոնավոր եւ չարտերային թռիչքները այլ երկրների հետ: Միակ բացառությունը այն թռիչքներն են, որոնց միջոցով ռուսաստանցիներին տանում են արտերկրից (եւ արտասահմանցիներին՝ Ռուսաստանից), ինչպես նաեւ բեռնատար, փոստային, սանիտարական եւ մի շարք այլ չվերթները:

Այսօրվա դրությամբ Ռուսաստանը բացել է Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Տանզանիայի եւ Շվեյցարիայի հետ սահմանները: Եվս մի քանի երկրներ` Խորվաթիան, Չեռնոգորիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Կուբան, Դոմինիկյան Հանրապետությունը, Մեքսիկան, Քենիան եւ Մալդիվները, հայտարարել են ռուսաստանցի զբոսաշրջիկներին ընդունելու պատրաստակամության մասին:

ԱՎԵԼԻՆ