Բելառուսի ԿԸՀ-ն նախագահի հինգ թեկնածու է գրանցել

Երեքշաբթի Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն նախագահի հինգ թեկնածու է գրանցել ընտրություններում, որոնք կանցկացվեն օգոստոսի 9-ին: Գրանցված թեկնածուների թվում են երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Սվետլանա Տիխանովսկայան, ում ամուսինը ձերբակալվել էր «հասարակական կարգը կոպիտ խախտող» գործողություններ կազմակերպելու գործով։

Երկու դիմումատուի՝ «Բելգազպրոմբանկ»-ի նախկին ղեկավար Վիկտոր Բաբարիկոյին, ով գտնվում է կալանքի տակ, եւ Բարձր տեխնոլոգիաների պարկի նախկին ղեկավար Վալերի Ցեպկալոյին մերժել են գրանցման հարցում։

Լուկաշենկոյին որպես թեկնածու գրանցելու միաձայն որոշումը կայացվել է ԿԸՀ նիստին: Լուկաշենկոյի՝ որպես նախագահի թեկնածու առաջադրվելու համար վավեր է ճանաչվել ավելի քան 1․9 միլիոն հավաքված ստորագրություն:

Լուկաշենկոյի նախաձեռնող խմբի ղեկավար, Բելառուսի արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Օրդան ԿԸՀ նիստին ասել է, որ ներկայիս նախագահի ծրագրի հիմնական կետերն անփոփոխ են մնում․ դա «սոցիալական եւ ինքնիշխան պետությունն է, մարդու համար անվտանգ եւ արդար պետությունը»: «Ալեքսանդր Գրիգորիեւիչի (Լուկաշենկոյի) ծրագրում հիմնական նպատակները մնում են մեր երկրի կայուն եւ շարունակական զարգացումը, մեր քաղաքացիների բարեկեցության աճն եւ օրենքի գերակայության ամրապնդումը»,- ասել է Օրդան։

Լուկաշենկոյից բացի, ԿԸՀ-ն որպես նախագահի թեկնածու գրանցել է նաեւ Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի (Բելառուսի խորհրդարանի ստորին պալատ) նախկին տեղակալ Աննա Կանոպացկայային: «Ես հուսով եմ, որ ընտրությունները կլինեն արդար եւ բաց եի կանցկացվեն ԵԱՀԿ ստանդարտներին համապատասխան, ինչը որպես Բելառուսի քայլ կծառայի դեպի Եվրամիություն»,- ասել է Կանոպացկայան:

Որպես թեկնածու գրանցվել է նաև Սվետլանա Տիխանովսկայան, որի օգտին հավաքվել էր ավելի քան 105 հազար ընտրողների ստորագրություն, որոնք վավեր են ճանաչվել ընտրական հանձնաժողովների կողմից: Սերգեյ Տիխանովսկին, ով իր կնոջ՝ Սվետլանայի նախաձեռնող խմբի ղեկավարն է, ձերբակալվել է հասարակական կարգը կոպիտ խախտող գործողություններ կազմակերպելու եւ նախապատրաստելու գործով:

Բացի այդ, որպես թեկնածու գրանցվել է բելառուսական Սոցիալ-դեմոկրատական ​​«Գրեմադա» կուսակցության նախագահ Սերգեյ Չերեչենը: ԿԸՀ-ն ընդունել է, որ Չերեչնյայի թեկնածությունը բավարարում է պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ պահանջները: Ի աջակցություն Չերեչնյայի առաջադրմանը ավելի քան 143 հազար ստորագրություն է հավաքվել, որոնք վավեր են ճանաչվել։

«Ասա ճշմարտությունը» շարժման համանախագահ Անդրեյ Դմիտրիեւը նույնպես գրանցվել է որպես Բելառուսի նախագահի թեկնածու: Ի պաշտպանություն Դմիտրիեւի ստորագրել է ավելի քան 106 հազար ընտրող: «Ասա ճշմարտությունը» հասարակական շարժումը Դմիտրիեւը, այլ քաղաքական գործիչների հետ միասին, հիմնադրել է 2009 թվականին:

Բելառուսում թեկնածուների գրանցումից անմիջապես հետո մեկնարկում է նախընտրական քարոզարշավը, որը կտեւի մինչեւ օգոստոսի 8-ը: Արտահերթ քվեարկությունը տեղի կունենա օգոստոսի 4-ից 8-ը, իսկ օգոստոսի 9-ը քվեարկության հիմնական օրն է:

ԱՎԵԼԻՆ