Ինչո՞ւ ԱԱԾ-ն չի հեռացրել իր ֆեյսբուքյան էջում ադրբեջանցի օգտատերերի թողած մեկնաբանությունները

Երեկ երեկոյան Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ծառայության ֆեյսբուքյան պաշտոնական էջում այդ հաղորդագրության տակ բազմաթիվ մեկնաբանություններ էին թողել ադրբեջանցի օգտատերերը՝ ողողելով ՀՀ ԱԱԾ ֆեյսբուքյան պաշտոնական էջն Ադրբեջանի դրոշներով։

ԱԱԾ-ից փորձեցինք պարզել՝ ինչո՞ւ ՀՀ ԱԱԾ ֆեյսբուքյան էջից չեն հեռացվել ադրեջանցիների թողած մենաբանությունները, դրանք պահպանվել են ժամեր շարունակ, արդյոք սա բխո՞ւմ է մեր ազգային անվտանգությունից, սա փնթիությա՞ն, թե՞ անհետևողականության արդյունք է, և արդյոք ծառայությունն ունի՞ այդ աշխատանքի համար պատասխանատու աշխատակից։

ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արթուր Գևորգյանն ի պատասխան նշեց.

«Ազգային անվտանգության ծառայությունն ունի ֆեյսբուքյան էջի համար պատասխանատու աշխատակից, գուցե աշխատակիցը ֆիզիկապես չի հասցրել այդ մեկնաբանությունները հեռացնել, բայց պետք է նշեմ, որ դա սովորական աշխատանքային գործընթաց է։

Ծառայությունում հետևում ենք մեկնաբանություններին, հեռացնում որոշները, որոշ օգտատերերի առհասարակ արգելափակում, այս րոպեին մեր պաշտոնական էջը մաքուր է, չկա գեթ մեկ ադրբեջանցի օգտատիրոջ մեկնաբանություն, հետայսու էլ արդեն նաև լրատվականների օգնությամբ առավել ուշադիր կլինենք և անգամ մեկ նման մեկնաբանության դեպքում էլ դա արագ կհեռացնենք Ազգային անվտանգության ծառայության ֆեյսբուքյան էջից»։

ԱՎԵԼԻՆ