Իտալիայում ծնելիության լուրջ նվազում է սպասվում COVID-19 համավարակի պատճառով

Իտալիայում ծնելիության լուրջ նվազում է սպասվում COVID-19 համավարակի պատճառով: Այդ մասին նշվում է Վիճակագրության ազգային ինստիտուտի (Istat)՝ հուլիսի 3-ին հրապարակված ամենամյա զեկույցում:

«Ծնելիության արագ անկումը կարող է էլ ավելի մեծ արագություն ձեռք բերել Covid-ից հետո ընկած ժամանակաշրջանում»,-ասվում է այդ փաստաթղթում:

«Վերջերս կատարված ուսումնասիրությունները, որոնք ուշադրության են առնում համավարակի հետ կապված անորոշության եւ վախի մթնոլորտը, հստակորեն ցույց են տալիս դրա առաջին հետեւանքները մոտ ապագայում»,-նշում են երկրի գլխավոր վիճակագրական գերատեսչության փորձագետները:

Միեւնույն ժամանակ նրանք ուշադրություն են դարձնում խիստ բացասական միտումներին ազգային աշխատաշուկայի վրա, որոնք մեծ խնդիրներ են ստեղծում այն իտալացիների, համար, որոնք կցանկանային երեխաներ ունենալ, բայց չեն կարող դա իրենց թույլ տալ տնտեսական պատճառներով: Istat-ի հաշվարկների համաձայն, կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ընթացիկ տարում նորածինների թիվը կարող է նվազել ավելի քան 10 հազարով եւ կազմել 426 հազար:

Հոռետեսական սցենարը կանխատեսում է ծնելիության նմանօրինակ նվազում նաեւ 2021 թվականին, երբ նորածինների թվաքանակը կարող է կրճատվել մինչեւ 396 հազար: Istat-ի տվյալներով՝ 2019 թվականին Իտալիայում ծնելիության մակարդակը հասել է իր պատմական նվազագույնին. այն ժամանակ նորածինների թիվը կազմել է ընդամենը 435 հազար, ընդ որում՝ երեխաների գրեթե 20 տոկոսը ծնվել է օտարերկրացի մայրերից:

Դա ամենացածր ցուցանիշն է 1861 թվականին միասնական իտալական պետության կազմավորման պահից ի վեր: Ուշագրավ է, որ Իտալիայի բնակչության թվաքանակի կրճատման միտումը դիտվում է արդեն տասը տարի անընդմեջ:

Հուլիսի 2-ի դրությամբ նոր տիպի կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվն Ապենիններում կազմել է գրեթե 241 հազար, 191 հազարից ավելի հիվանդներ ապաքինվել են, հիվանդության զոհ է դարձել 34 հազար 814 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

ԱՎԵԼԻՆ