Գնե՞լ տուն, թե՞ անշարժ գույքի գները կիջնեն

Հայկական շուկայի սպասումները.

Կանխատեսումներ կան, թե կորոնավիրուսի պանդեմիան ազդելու է նաև անշարժ գույքի շուկայի վրա՝ բերելով գնանկման։ Պատրաստվում եք բնակարան գնել, բայց երկմտո՞ւմ եք, քանի որ լսել եք այս մասին ու հիմա ոտքներդ կա՞խ եք գցում: PanARMENIAN.Net-ը փորձել է մասնագետներից ճշտել՝ ինչ է կատարվում շուկայում արտակարգ դրության օրերին, ինչ սպասել առաջիկայում և ինչ անել հիմա։

Սուքիասյանների ընտանիքը 4 տարի է՝ վաճառքի է դրել բնակարանը․ «կորոնավիրուսից առաջ» բնակարանով հետաքրքրվողներ եղել են, պարբերաբար այցելել են: Չգնելու պատճառները տարբեր էին՝ գումարից մինչև բնակարանի հատակագիծ։

Այս պահին տան վաճառքի գործընթացը կասեցրել են, քանի որ վտանգավոր է օտար մարդկանց բնակարանում ընդունելը։ Վերջին ամիսներին հետաքրքրվողներ էլ չեն եղել, ըստ այդմ՝ արժեքի հետ կապված գնորդների տրամադրություններին ծանոթ չեն, բայց ենթադրում են՝ վաճառողների մեծ մասը ստիպված է լինելու գնի հարցում զիջել թե պանդեմիայի ընթացքում, թե հետո, մինչև աշխարհում իրավիճակը կայունանա:

Ինչպիսի՞ն է իրավիճակը հիմա.

Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ Երևանում 2020 -ի մայիսին 437 բնակարանի և անհատական բնակելի տան առուվաճառքի գործարք է արվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1043-ի համեմատ։ Այդ ընթացքում մայրաքաղաքում բնակարանների 1 քմ միջին գինը նվազել է 1%-ով։ Ամենաշատը նվազել են գները Նուբարաշեն, Քանաքեռ-Զեյթուն, Ավան ու Էրեբունի վարչական շրջաններում, առավել կայուն են եղել Կենտրոնում, Աջափնյակում և Արաբկիրում։

Գնանկումը լավ առիթ է թվում էժան բնակտարածք ձեռք բերելու համար։ Ի՞նչ անել՝ գնել հիմա՞ լավագույն տարբերակը, թե սպասել․ գուցե գներն էլի՞ կիջնեն։

«Կռօսս Ռեալթի» անշարժ գույքի գործակալության տնօրեն Էդգար Սողոմոնյանի խոսքով՝ հիմա գները հիմանակում կանգնած են, բայց նվազման միտումով։ Առանձնապես պահանջարկ չկա, ինքնաբերաբար գները պետք է նվազեն։ Պատճառներից մեկը մարդկանց կյանքում առաջնահերթությունների և կենցաղային խնդիրները լուծելու հարցն է, ասում է նա։

 

«Կենտրոն» անշարժ գույքի գործակալության ներկայացուցիչ Ալեքս Բաբաջանյանն էլ պատմում է՝ իրենք կանխատեսել են գնանկում մինչև 30 տոկոս, սակայն գները նվազել են 5 տոկոսով, ինչը, ըստ իրենց, կպահպանվի՝ հասնելով առավելագույնը 10 տոկոսի։

 

Գոդոյին սպասելի՞ս

 

Մասնագետները նշում են, որ գնորդները սպասում են։ Ինչքա՞ն. ոմանք մինչև աշուն, ոմանք իրենք էլ չգիտեն․ աշխարհում իրավիճակն անկանխատեսելի է, բայց սպասում են իրենց համար լավագույն տարբերակի։

 

[Աստված իմ,] մինչև ե՞րբ

 

Սողոմոնյանն ասում է՝ սպասելու տարբերակը միշտ էլ կա, միշտ կարող է ավելի լավ լինել, մանավանդ՝ գնանկում է լինելու։ Բայց եթե այս պահին խնդիր ունեք և այն լուծելն իրատեսական է, ինչո՞ւ ոչ։ Հետևեք շուկային, հնարավոր է՝ գտնեք ձեզ այդ պահին ամենաձեռնտու տարբերակը։

Բաբաջանյանի խոսքով էլ՝ եթե գտնում ես սրտիդ բնակարանը, պետք է ժամանակ չկորցնել ու գնել այն․ «Եղել են դեպքեր, երբ հաճախորդները չեն գնել իրենց բոլոր պահանջներին բավարարող բնակարանները՝ սպասելու մտքով, շատ ավելի ուշ նույն բնակարանը գնել են ավելի թանկ»։

Վաճառողներին

Պետք չէ «ջրի գնով» վաճառել անշարժ գույքը, բայց պետք է ռեալ նայել իրավիճակին։ Այն դեպի իջեցում է գնում։

«Եթե հիմա ռեալ գնորդ ունեք, ինչո՞ւ ոչ»,- ասում է Էդգարը։

«Շուկայում կան մարդիկ, որոնք ուղղակի իրենց գույքը դրել են վաճառքի (չեն շտապում վաճառքի հարցում,- խմբ.), ու կան ռեալ վաճառողներ։ Վերջիններս՝ կախված իրավիճակից, գումարային խնդրից ևս, գիտակցում են, որ պահանջարկը 6 ամիս առաջվա համեմատ նույնը չէ, դիմում են գնիջեցման։ Նրանք այս պահին՝ գինը 5-10 տոկոսով իջեցնելով, ավելի շուտ կվաճառեն իրենց բնակարանը»,- եզրփակում է Բաբաջանյանը։

 

Այնպես որ՝ սպասել, թե գնել հարցերն այս պահին հստակ պատասխան չունեն, այնպես որ նայեք ձեր հնարավորություններին, բայցև աչքաթող մի արեք, գուցե հենց այս ընթացքում որոնման համակարգերում գտնեք ձեր սրտի առաջարկը:

www.panarmenian.net

ԱՎԵԼԻՆ