Քանյե Ուեսթը պաշտոնապես միլիարդատեր դառնալու կապակցությամբ Twitter-ում շնորհավորել է կնոջը

Ամերիկացի ռեփ կատարող, ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը պաշտոնապես միլիարդատեր դառնալու կապակցությամբ Twitter-ում շնորհավորել է կնոջը։ Հաղորդում է Tert.am-ը:

Դիմահարդարման պարագաների արտադրությամբ զբաղվող Max Factor բրենդի սեփականատեր Coty ընկերության՝ 200 մլն դոլարով Քիմ Քարդաշյանի KKW Beauty կոսմետիկ պարագաների բրենդի բաժնետոմսերի 20 տոկոսը ձեռք բերելու և կողմերի միջև կնքված պայմանագրի շրջանակում Քարդաշյանի ընկերությունը մեկ միլիարդ դոլար գնահատվելուց հետո 43-ամյա ռեփերը գովեստի ու հպարտության խոսքեր է շռայլել 39-ամյա կնոջը՝ նշելով, որ չափազանց հպարտ է նրանով։

«Չափազանց հպարտ եմ իմ գեղեցիկ կնոջով՝ Քիմ Քարդաշյան Ուեսթով, որը պաշտոնապես միլիարդատեր է դարձել։ Դու կարողացար դիմակայել քեզ սպառնացող փոթորիկներին, և այժմ Աստված իր լույսն է սփռել քո և մեր ընտանիքի վրա»,- գրել է Քանյեն Twitter-ում:

«Մենք քեզ շատ ենք սիրում»,- հավելել է երաժիշտը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Max Factor բրենդի սեփականատեր Coty ընկերությունը 200 մլն դոլարով ձեռք է բերել հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի KKW Beauty կոսմետիկ պարագաների բրենդի բաժնետոմսերի 20 տոկոսը:

Կողմերի միջև կնքված պայմանագրի շրջանակում Քարդաշյանի ընկերությունը գնահատվել է մեկ միլիարդ դոլար: Հատկանշական է, որ 2017թ. հիմնված KKW ընկերությունը երկու տարի առաջ գնահատվում էր «ընդամենը» 100 մլն դոլար:

Daily Mail-ը նկատում է, որ սա Coty-ի համար հեռանկարային ներդրում է, քանի որ 39-ամյա Քարդաշյանի հայտնիությունն ու սոցկայքերում տասնյակ միլիոնավոր հետևորդ ունենալու փաստը կնպաստեն բրենդի արտադրանքի վաճառքի բարձր ցուցանիշների պահպանմանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Coty-ն 596 մլն դոլարով ձեռք էր բերել Քարդաշյանի կրտսեր քրոջ՝ Քայլի Ջեների Kylie Cosmetics ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը:

Tert.am

ԱՎԵԼԻՆ