Չինացի գիտնականները գրիպի շտամմ են հայտնաբերել, որն ունակ է պանդեմիա հարուցել

Չինացի գիտնականները գրիպի շտամմ են հայտնաբերել, որն ունակ է պանդեմիա հարուցել: Այս մասին ասվում է Proceedings of the National Academy of Sciences ամերիկյան գիտական ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Նշվում է, որ խոզերի մոտ գրիպի վիրուսների սիստեմատիկ դիտարկումը կարեւոր է հաջորդ պոտենցիալ պանդեմիային նախապատրաստվելու եւ նախապես զգուշացնելու համար:

Գիտնականները հայտնել են, որ խոզերի մոտ գրիպի վիրուսների ակտիվ հետազոտություններ են անցկացրել Չինաստանում 2011-2018 թվականներին: Այդ ընթացքում երկրի 10 նահանգներում նրանք խոզերից մոտ 30 հազար ռնգային քսուքներ են վերցրել, ինչը թույլ է տվել առանձնացնել 179 վիրուս, որոնք խոզի գրիպ են հարուցում:

Հետազոտության ընթացքում գիտնականները հայտնաբերել են վերջերս հայտնված գրիպի վիրուսի շտամմը, որն իր մեջ կրում է գեներ, այդ թվում՝ H1N1 pdm09, որը 2009 թվականին պանդեմիա առաջացրեց: Շտամմը, որը կոչվում է G4 EA H1N1, լայնորեն տարածվել է խոզերի մոտ 2016 թվականից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բացի այդ, բնակչության շճաբանական հետազոտության շնորհիվ հաջողվել է հաստատել, որ ֆերմաների աշխատակիցների 10,4%-ն ունեցել է հակամարմիններ G4 EA H1N1 վիրուսի նկատմամբ, ամենից հաճախ հակամարմիններ են հայտնաբերվել 18-35 տարեկան մարդկանց մոտ:

ԱՎԵԼԻՆ