Եվրամիությունը դեռեւս չի հաստատել երկրների վերջնական ցուցակը՝ հուլիսի 1-ից սահմանները բացելու համար

Եվրոպական խորհուրդը դեռեւս չի հաստատել պետությունների վերջնական ցուցակը, որոնց համար հուլիսի 1-ից միության արտաքին սահմանները բացվելու են: Այս մասին այսօր Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ադալբերտ Յանսը: Նա նաեւ չի բացառել այնպիսի իրավիճակը, երբ չի հաջողվի որոշմանը հասնել:

«Եվրոպասկան խորհրդի անդամ պետությունների միջեւ բանավեճը դեռեւս շարունակվում է: Մենք անհամբերությամբ սպասում ենք այդ բանավեճի արդյունքներին, բայց առայժմ այս փուլում ասելու բան չունենք»,- հայտնել է նա: Յանսը ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ բանավեճերի էությունը: «Ես չեմ ցանկանում այդ թեման շահարկել այնքան ժամանակ, մինչեւ բանավեճը չավարտվի»,- ասել է նա:

«Եթե չհաջողվի ցուցակը համաձայնեցնել, Եվրոպական խորհուրդը պետք է որոշի, թե հետո ինչ է արվելու»,- հայտարարել է նա:

Լուրեր ցուցակի մասին

Բրյուսելում ՏԱՍՍ-ի դիվանագիտական աղբյուրի տեղեկություններով՝ այս ցուցակում երկրների թիվը հանգստյան օրերին կայացած բանավեճերի ընթացքում կրճատվել 18-ից մինչեւ 15, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն այս ցուցակի մեջ հաստատապես չեն մտնի:

Այս պահին ցուցակի վերջնական տարբերակը ներառում է Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Ալժիրը, Թունիսը, Մարոկկոն, Ռուանդան, Սերբիան, Մոնտենեգրոն, Վրաստանը, Ուրուգվայը: Եվրոպական խորհրդում թեժ վեճեր են ընթանում Չինաստանի շուրջ, որը սահմանները բացելու առումով համապատասխանում է բոլոր չափանիշներին, բայց ինքը դեռեւս պատրաստ չէ սահմանները բացել Եվրամիության համար:

Աղբյուրի խոսքով՝ դրանից բացի, արեւելաեվրոպական մի շարք պետություններ վախենում են, որ Չինաստանի հետ սահմանի բացումը եւ ԱՄՆ-ի հետ այն բացելուց հրաժարվելը կարող է հանգեցնել Բրյուսելի եւ Վաշինգտոնի հարաբերությունների լարվածության մեծացման: Սպասվում է, որ ցուցակը թարմացվելու է ամեն 2 ամիսը մեկ, եթե հաջողվի այն համաձայնեցնել:

Բացման չափանիշներ

Ադալբերտ Յանսը նաեւ նշել է, որ Եվրահանձնաժողովն ակտիվորեն աջակցում է ԵՄ Խորհրդում բանավեճին, մասնավորապես, նա մշակել է չափանիշների երեք լրակազմ, որոնց պետք է բավարարեն պետությունները ԵՄ-ի հետ սահմանները բացելու համար, սակայն այդ չափանիշների կիրառումը կախված է Եվրամիության երկրների կառավարությունների որոշումից, որոնք խորհրդակցություններ են անցկացնում Եվրոպական խորհրդում:

«Առաջին չափանիշը հիմնված է յուրաքանչյուր կոնկրետ երկրում համաճարակաբանական ընդհանուր վիճակի վրա, երկրորդը կապված է ուղեւորությունների ընթացքում համաճարակի կանխարգելման հարցով միջոցներ կիրառելու յուրաքանչյուր երկրի հնարավորությունների հետ, երրորդը կապված է ԵՄ-ի եւ այդ երկրների միջեւ փոխադարձ հակահամաճարակաբանական միջոցների մասին երկկողմ համաձայնագրերի կնքման հնարավորությունների հետ»,- պարզաբանել է նա:

Եվրաընթացակարգ

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը ԵՄ բոլոր երկրներին կոչ էր արել բացել ներքին սահմանները հունիսի 15-ից: Բացի այդ, Եվրահանձնաժողովը խորհուրդ էր տվել հուլիսի 1-ից սկսել արտաքին սահմանների բացումը: Համաձայն Շենգենյան համաձայնագրի՝ սահմանների բացման կամ փակման մասին որոշումն ընդունում են ոչ թե ԵՄ ինստիտուտները, այլ ԵՄ յուրաքանչյուր երկրի կառավարությունը: Սակայն ներկայիս պայմաններում Եվրահանձնաժողովը պետություններից պահանջում է սահմանել երրորդ երկրների շրջանակը, որոնց հետո կվերսկսվեն նորմալ շփումները:

Եվրահանձնաժողովը համարում է, որ հակառակ դեպքում ԵՄ երկրները կարող են կրկին սկսել փակել Շենգենի ներսում սահմանները, եթե համարեն, որ իրենց հարեւանները բացել են սահմանները պետությունների հետ, որոնք դեռ համաճարակաբանական սպառնալիք են ներկայացնում:

ԱՎԵԼԻՆ