Գագիկ Ծառուկյանը հավերժական մարդ է, իրեն հրաժեշտ տալ հնարավոր չէ.Գևորգ Պետրոսյան

Գագիկ Ծառուկյանը հավերժական մարդ է, իրեն հրաժեշտ տալ հնարավոր չէ։ Այս մասին այսօր՝ հունիսի 17–ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Շենգավիթի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ–ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանի՝ դատարան մտնելուց առաջ կին պատգամավորները հուզված էին, կարծես հրաժեշտ էին տալիս նրան։

«Եթե նման կուսակցություն գտնեք, ում ղեկավարին կանչեն նման անօրինական մեղադրանքով, կանայք ծափ տան, թքեք այդ կուսակցության երեսին։ Մենք իրար որպիսությունը հարցրինք, Ծառուկյանը մեզ նորից հորդորեց, որպեսզի մենք պահպանենք կարգը, հեռավորությունը, երեւէ ուրիշ բան չենք խոսել»,– ասաց Պետրոսյանը։

Հարցին, թե Ծառուկյանը չհորդորե՞ց տուն վերադառնալ եւ սպասել դատական նիստի ավարտին, Պետրոսյանը պատասխանեց. «Անգամ, եթե հորդորեր էլ, մենք պետք է մնանք այստեղ, դա մեր կուսակցության ղեկավարի նկատմամբ մեր ուշադրությունն է, որեւէ ուրիշ բան չկա, սա ինքնաբուխ հավաք է»։

Նրա խոսքով՝ նախաքննությունը չի վարել այն մարմինը, որը լիազորված է. «Նախաքննությունը, եթե փետրվարին է սկսվել ինչո՞ւ հիմա ասացին. հիմա կտեսնենք իրավական գործընթացն ինչպես է ընթանում, ըստ այդմ կհնչեն դրա քաղաքական գնահատականները, բայց շատ զարմանալի է, որ Ծառուկյանը հենց խոսեց կառավարության 100 տոկոս հրաժարականի մասին, նոր հիշեցին, որ փետրվարին գործ են հարուցել»։

Պետրոսյանը վստահեցրեց, որ ԱԱԾ դիմաց աջակիցները ինքնաբուխ էին հավաքվել. «Եթե մարդն իր ղեկավարի համար անհանգստանում է, զուտ մարդասիրական հետաքրքրությունից մղված գալիս է, դա չի նշանակում, որ մեզնից մեկը հավաք է կազմակերպել կամ առանց ամաչելու հելնում ասում են՝ քրեական գործ է հարուցված կիրակի օրը հավաք կազմակերպելու համար։ Թող մի հատ ապացույց ներկայացնեն, որ մեզնից որեւէ մեկը մեկին զանգել ասել է՝ իջի քաղաք կամ գնա այսինչ տեղը։ Սա քաղաքական հետապնդում է, ես իմ ասածների համար պատասխանատու եմ եւ ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե իմ այս ասածները Նիկոլ Փաշինյանի համար ինչքան են ցանկալի, ինչքան՝ անցանկալի»։

ԱՎԵԼԻՆ