Հակաճգնաժամային 18-րդ միջոցառման շահառուները դեռ ժամանակ ունեն դիմումներ ներկայացնելու. Արթուր Մանուկյան

Հակաճգնաժամային 5-րդ միջոցառումն ավարտվել է մայիսի 10-ին, որի 14964 շահառուներից դիմումներ են ներկայացրել 13956-ը: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

Նշենք, որ այս միջոցառման շահռուներ են այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք ունեցել են 2-50 աշխատակից, եւ այս տարվա առաջին երեք ամիսներին ոչ մի աշխատակցի աշխատանքից չեն ազատել եւ չեն նվազեցրել աշխատավարձի ֆոնդը:

Նրանք ստացել են աջակցություն յուրաքանչյուր 5-րդ աշխատակցի աշխատավարձի չափով:

«Աջակցության ընդհանուր գումարը կազմել է 2,2 մլրդ դրամ: Բոլոր գումարները վճարված են: Այս սուբյեկտների աշխատողների ընդհանուր թիվը կազմում է 78 530 վարձու աշխատողներ: Սա ներառում է նաեւ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին»,-ասաց ՊԵԿ փոխնախագահը:

Նա անդրադարձավ նաեւ 18-րդ միջոցառմանը, որը 5-րդ միջոցառման շարունակությունն է: Այս դեպքում շահառու են հանդիսացել մինչեւ 100 աշխատող ունեցող տնտեսվարողները: «18-րդ միջոցառման շահառուների թիվը եղել է 12227 է, որից այս պահի դրությամբ դիմումներ ներկայացրել են 9248-ը: Վճարվել է 1,7 մլրդ դրամի աջակցության գումար: Աշխատողնոերի ընդհանուր թիվը կազմում է 52155 վարձու աշխատողներ:

Այս ծրագիրը դեռ չի ավարտվել, դիմումների ներկայացման վերջնաժամկետը հունիսի 10-ն է»,-ասաց Արթուր Մանուկյանը:

Նա նաեւ հավելեց, որ բազմաթիվ տնտեսվարողներ կան որ օգտվել են թե 5-րդ, թե 18-րդ միջոցառումներից, այդտեղ անօրինական ոչինչ չկա, այդպես է նախատեսված եղել:

ԱՎԵԼԻՆ