ՀՀ նախագահի աշխատակազմը դիմակներ է բաժանել տարեցների խնամքի 21 կենտրոններին, շուրջ 2000 տարեցների

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ Հանրապետության նախագահի աշխատակազմը կորոնավիրուսի համավարակի ընթացքում շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերն՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես տարեցներին եւ սահմանամերձ համայնքների ընտանիքներին:

Օրերս նախագահ Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում մասնավորապես նշել էր, որ Չինաստանից ստացված բժշկական պարագաներից, որոնց մի մասը որպես նվեր ուղարկվել է հատուկ Հանրապետության նախագահի աշխատակազմին, այդ թվում՝ դիմակներ, նախագահի աշխատակազմը պետք է բաժանի մասնավորապես ծերանոցներին:

Այս փուլում նախագահի աշխատակազմը պաշտպանիչ դիմակներ է բաժանել Երեւանում, Գյումրիում եւ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում, ինչպես նաեւ Աբովյանում գործող տարեցների խնամքի հաստատություններին, «Առաքելություն Հայաստան» կազմակերպության՝ Երեւանում եւ մարզերում գործող տարեցների խնամքի 21 կենտրոններին, ընդհանուր առմամբ, շուրջ 2000 տարեցների:

Մարզերում հեռավար կրթությունը խրախուսելու նպատակով Հանրապետության նախագահի աշխատակազմը, նախագահի նախաձեռնությամբ եւ հանձնարարությամբ, շարունակում է համակարգչային տեխնիկա տրամադրել սահմանամերձ համայնքների դպրոցականներին: Այս անգամ պլանշետներ, սննդի փաթեթներ, առաջին անհրաժեշտության պարագաներ են ստացել Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան, Կոթի, Դովեղ գյուղերի մի շարք ընտանիքներ:

Իսկ նույն մարզի Բերքաբեր գյուղում նախագահի աշխատակազմի «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնության ներկայացուցիչներն այցելել են Խուդավերդյանների ընտանիքին, որոնց տունը վնասվել էր ադրբեջանական կրակահերթերից: Նրանք նվերներ են հանձնել ընտանիքի փոքրիկներին եւ փոխանցել Արմեն Սարգսյանի գոտեպնդող խոսքը, որ նրանց խնդիրները Հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում են:

Նախագահի աշխատակազմի սոցիալական ծրագրերը շարունակական բնույթ ունեն:

ԱՎԵԼԻՆ