Էդուարդ Աղաջանյանը տեսազրույց է ունեցել ԲԿԳ տնօրեն Սանջեյ Պրադանի հետ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը մայիսի 15-ին տեսազրույց է ունեցել «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության (ԲԿԳ) տնօրեն Սանջեյ Պրադանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվության բաժնից։

Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է Covid-19 շրջանակում կառավարության կողմից իրականացվող սոցիալ-տնտեսական, կրթական եւ առողջապահական միջոցառումները եւ դրանց իրականացման փուլում առաջացած թափանցիկության, հասանելիության ու փոխադարձ վստահության խնդիրները։

ԲԿԳ տնօրեն Սանջեյ Պրադհանը խոսել է Covid-19 շրջանակում այլ կառավարությունների կողմից իրականացված հաջողված ժողովրդավարական մոդելների մասին՝ գնումների «Open Data» ձեւաչափի եւ հրապարակային գործընթացի, միջոցառումների վերաբերյալ ժամանակին տեղեկատվության հասանելիության, Էլեկտրոնային ժողովրդավարական գործիքների հասանելիության եւ կառավարության նկատմամբ վստահության մասին։

Քննարկման ընթացքում երկուստեք համաձայնել են, որ համաճարակի ընթացքում հաջողել են այն երկրների կառավարությունները, որոնք  գործել են առավել բաց եւ թափանցիկ, ուստի կարեւորվել է «Բաց կառավարման» սկզբունքների դերը համաշխարհային մարտահրավերի հաղթահարման շրջանակում։

Կողմերը պայմանավորվել են համագործակցել համաճարակի շրջանում Հայաստանի փորձը ներկայացնելու, ինչպես նաեւ՝ գործընկեր երկրների հաջողված մեխանիզմները տեղայնացնելու, տեխնիկական եւ ֆինանսական աջակցության մասին։

ԱՎԵԼԻՆ