Կորոնավիրուսային համավարակի վերջը հնարավոր է՝ տեսանելի լինի ոչ շուտ, քան 5 տարի հետո. Թորոսյան

Եկեք առնվազն լրջանանք, որովհետեւ այս ամենն ինչ տեղի է ունենում, տեւելու է շատ երկար։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ինձ համար անահասկանալի է այս ամենը կատակի վերածելը կամ սրամտելը, դա ինձ շատ է հիասթափեցնում։ Մենք ինչի՞ վրա ենք սրամտում, որ մենք այս կամ այն սահմանափակումը, միեւնույն է, չենք անելու եւ, միեւնույն է, մենք շատ հիվանդանալու ենք, միեւնույն է, մենք շատ մահեր ենք տալու, դրա ենք սրամտո՞ւմ։ Մենք կարող ենք մեր ներքին քննադատությունը զարգացնել եւ փորձել այդ ամենն իրագործել նույնիսկ եթե դա այդքան էլ սովորական չէ մեզ համար»,- ասաց նախարարը։

Արսեն Թորոսյանը հայտնեց, որ քաղաքացիները պետք է վերադառնան ոչ թե առօրյա կյանքին, այլ ստեղծեն նոր առօրյա.

«Այսօր աշխատանքային հեռավար քննարկման եմ եղել՝ աշխարհի 6 երկրների հետ։ Մենք փոխանակվեցինք փորձով, բոլորի մոտ էլ նույն վիճակն է. մի տեղ քիչ դեպքեր, մի տեղ՝ շատ։ Վերջում ամփոփիչ նոտա եղավ, որ եթե նույնիսկ հայտնաբերվի այս հիվանդության դեղամիջոցը կամ պատվաստանյութը, միեւնույն է, կորոնավիրուսային համավարակի վերջը հնարավոր է տեսանելի լինի ոչ շուտ քան 5 տարի հետո»։

Նախարարը նշեց, որ լինելու են փոփոխություններ, որի մասին ինքը կհայտնի։

ԱՎԵԼԻՆ