Մայիսյան եռոտանի կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական գրառում է արել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը

Մայիսյան եռոտանի կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական գրառում է արել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա այս համատեքստում հիշատակել է նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարը։

Գրառումը ներկայացնում ենք ստորեւ․

«Շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ի՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ:

Մայիսն իրապես մեր հաղթանակների ամիսն է. հաղթանակներ, որոնք հայ ժողովուրդը տարել է խաղաղություն հաստատելու, զարգացման պայմաններ ստեղծելու եւ պատմական արդարությունը վերականգնելու համար:

Ավելի քան յոթ տասնամյակ առաջ շուրջ 600 հազար մեր հայրենակիցներ մասնակցեցին այլատյացության ու ատելության խավարից աշխարհը փրկելու պայքարին: Շատերն իրենց կյանքը զոհեցին՝ հանուն մարդու ազատության եւ արժանապատվության իրավունքի պահպանման եւ քաղաքակրթական առաջընթացի:

Պատմական զուգադիպությամբ նացիզմի վարակից ազատվելուց գրեթե կես դար անց նույն օրը մի այլ փառավոր հաղթանակ պիտի տոնեինք: Ոգեշնչվելով իրենց պապերի ու հայրերի սխրանքներից՝ մեր մարտիկներն ազատագրեցին հայոց բերդաքաղաք Շուշին՝ բեկում մտցնելով արցախյան ազատամարտում ու երաշխավորելով մեր ժողովրդի կյանքի իրավունքը եւ սեփական հողում ազատ արարելու հնարավորությունը:

Մայիսյան հաղթանակները մեր պատմության հերոսական էջերից եւ ազգային դիմագծի ձեւավորման առանցքային իրադարձություններից են: Դրանք ապացուցել են մեր ժողովրդի կենսունակությունը, պայքարելու ու հաղթելու կարողությունը, ապահովել են հայոց պետականության կայացումը եւ հետագա զարգացումը:

Ցանկանում եմ հատկապես շնորհավորել եւ շնորհակալություն հայտնել մեր վետերաններին ու ազատամարտիկներին:

Խոնարհվում եմ հաղթանակները կերտելու գործին իրենց կյանքը զոհած հերոսների հիշատակի առջեւ: Ձեր սխրագործությունները, անձնազոհությունն ու նվիրումը Հայրենիքին երբեք չեն մոռացվի:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մայիսյան այս օրերին մենք անցնում ենք հերթական փորձության միջով՝ պայքար մղելով կորոնավիրուսի համավարակի դեմ: Եվ այժմ մտել ենք մի փուլ, երբ մեզանից յուրաքանչյուրի անձնական բարձր պատասխանատվությունը, կարգապահությունը եւ գիտակցությունն առավել քան կարեւոր են հաջողության հասնելու համար:

Համոզված եմ, որ հերթական անգամ կդրսեւորվի դժվարին ու վտանգավոր պահերին համախմբված ու համերաշխ լինելու մեր հատկանիշը, իսկ մայիսյան հաղթանակների խորհուրդը ուղենիշ կլինի գալիք ձեռքբերումների համար»։

ԱՎԵԼԻՆ