Մեկ ամսում աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը եռապատկվել է, սակայն յուրաքանչյուր երրորդն արդեն առողջ է

Անցած ամսվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է գրեթե երեք անգամ՝ 1 միլիոնից դառնալով 3.2 միլիոն մարդ: Սակայն վարակման նոր դեպքերի աճի արագությունը նվազում է արդեն չորս շաբաթ շարունակ. եթե ապրիլի սկզբում այդ թիվն աճում էր շաբաթական 200 տոկոսով, ապա այժմ միայն 21.5 տոկոսով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Աշխարհում յուրաքանչյուր 100 հազար մարդու շրջանում կա 41 վարակված (մեկ ամիս առաջ այդ թիվը 13 էր):

Ապրիլի ընթացքում կորոնավիրուսի հետեւանքով զոհերի թիվն աճել է շուրջ վեց անգամ՝ 50 հազարից մինչեւ գրեթե 300 հազար մահվան դեպք: Ընդ որում՝ մահացության պայմանական ցուցանիշն ավելացել է ոչ այնքան նշանակալի չափով՝ 5-ից 7.12 տոկոս:

Արագորեն աճում է նաեւ առողջացածների թիվը՝ ամսվա սկզբում առողջացել էր 200 հազար մարդ, իսկ այժմ արդեն ավելի քան 1 միլիոն:

Տվյալ պահին վիրուսը հայտնաբերվել է արդեն 173 երկրներում, անցած ամսի այդ թիվը կազմում էր 164:

Չինաստանն այլեւս առաջին տասնյակում չէ

Մեկ ամիս առաջ վարակվածների թվով առաջատարներն ԱՄՆ-ն էր, Իսպանիան, Իտալիան, Չինաստան ու Գերմանիան:

Միացյալ Նահանգները դեռեւս առաջին տեղում են. երկրում հաստատվել է վարակման ավելի քան 1 մլն դեպք (ապրիլի 3-ին այդ թիվը հինգ անգամ պակաս էր): Այնուհետեւ Իսպանիան է (230 հազար մարդ, մեկ ամսում թիվը քառապատկվել է) եւ Իտալիան, որտեղ կա 203 հազար վարակված (2.5 անգամ աճել է թիվը մեկ ամսում):

Չինաստանը, որն ապրիլի սկզբում զբաղեցնում էր չորրորդ տեղը (84.5 հազար), այժմ անգամ առաջին տասնյակում չէ եւ գտնվում է 11-րդ հորիզոնականում: Մեկ ամսում այդտեղ հայտնաբերվել է օրական մի քանի տասնյակ վարակակիր:

Անցած շաբաթ չորրորդ հորիզոնականում էր Ֆրանսիան, սակայն նրան գերազանցել է Մեծ Բրիտանիան, որը վեցերորդ տեղում էր: Այժմ թագավորությունում արդեն ավելի քան 171 հազար հաստատված դեպք կա:

169 հազար վարակակիրներ ունեցող Ֆրանսիան այժմ հինգերորդ տեղում է, որին հաջորդում է Գերմանիան (161 հազար):

Մեծ Բրիտանիան երրորդն է մահացության ցուցանիշով

Աշխարհում կորոնավիրուսային վարակի հետեւանքով մահացության մակարդակը կազմում է շուրջ 7,12 տոկոս, անցած շաբաթ այն գրեթե 7 տոկոս էր, իսկ մեկ ամիս առաջ՝ 5 տոկոս: Եթե ապրիլի սկզբում մահացել է յուրաքանչյուր 20-րդ վարակվածը, ապա այժմ՝ յուրաքանչյուր 14-րդն է:

Երեք շաբաթ շարունակ մահացածների թվով առաջատարն է ԱՄՆ-ը (60.1 հազար): Իտալիայում, որը տեւական ժամանակ զբաղեցնում էր առաջին տեղը, այդ ցուցանիշը երկու անգամ նվազել է (27.7 հազար): Մահվան դեպքերով երրորդ տեղում է Մեծ Բրիտանիան (26,8 հազար): Իսպանիայում եւ Ֆրանսիայում մահացել է 24,8 հազար եւ 24,3 հազար կորոնավիրուսով վարակված պացիենտ:

Ամենամեծ թվով վարակվածներ ունեցող երկրներում մահացության ամենացածր ցուցանիշները Ռուսաստանում են (1 տոկոս), Թուրքիայում (2.6 տոկոս), Գերմանիայում (4 տոկոս):

Օրեցօր ավելի շատ մարդ է առողջանում

Ապրիլին սրընթաց աճ է գրանցվել առողջացածների շրջանում. 200 հազարից մինչեւ 1 մլն մարդ: Այդկերպ, բուժվել է արդեն յուրաքանչյուր երրորդ վարակակիրը:

Բացի Չինաստանից, որտեղ դուրս է գրվել պացիենտների շուրջ 94 տոկոսը, այդ ցուցանիշով առաջատար է նաեւ Իրանն ու Գերմանիան (համապատասխանաբար՝ 79 եւ 78 տոկոս):

ԱՄՆ-ում բուժվել է վարակվածների դեռեւս 14 տոկոսը, Իտալիայում՝ 37 տոկոսը, իսկ Իսպանիայում՝ արդեն ավելի քան 57 տոկոսը:

ԱՎԵԼԻՆ