Նոր կորոնավիրուսի տարածման պատճառով համաշխարհային տնտեսությունը կկրի 5 տրիլիոն դոլարի վնաս.Bloomberg

Նոր կորոնավիրուսի տարածման պատճառով համաշխարհային տնտեսության համար ընդհանուր վնասը երկու տարվա ընթացքում ավելի քան 5 տրիլիոն դոլար կկազմի: Այսպիսի փորձագիտական գնահատականներ է չորեքշաբթի օրը ներկայացրել Bloomberg գործակալությունը:

Հրապարակման մեջ նշվում է, որ «աշխարհը մտնում է 1930-ական թվականներից ի վեր խաղաղ ժամանակներում ամենախորը ռեցեսիայի մեջ` հաշվի առնելով, որ վիրուսի պատճառով իշխանությունները մասնավոր ձեռնարկություններին կարգադրել են դադարեցնել աշխատանքը, իսկ մարդկանց` մնալ տանը»: «Չնայած անկումը, կանխատեսումների համաձայն, տեւական չի լինի, [երկրների] տնտեսություններին ժամանակ կպահանջվի կորուստները վերականգնելու համար», – շեշտվում է հոդվածում:

Հոդվածում մեջբերվում է Citigroup բանկային ընկերության գլխավոր տնտեսագետ Քեթրին Մանի կարծիքը: Ըստ նրա` համաշխարհային տնտեսությանը հասցված վնասը կգերազանցի 5 տրիլիոն դոլարը:

JPMorgan Chase բանկի փորձագետները նշված ցուցանիշը 5.5 տրիլիոն դոլար են գնահատում: Նրանք նշում են, որ զարգացած երկրներում տնտեսական անկում կգրանցվի, որը համեմատելի է 2008-2009 եւ 1974-1975 թվականներին տեղի ունեցածի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ամերիկյան Morgan Stanley բանկի մասնագետները կարծում են, որ զարգացած երկրներում ՀՆԱ-ի ցուցանիշները կվերադառնան նախաճգնաժամային մակարդակի միայն 2021 թվականի երրորդ եռամսյակում:

Նոր տեսակի կորոնավիրուսի բռնկումը գրանցվել էր 2019-ի վերջին Կենտրոնական Չինաստանում, տարածվել է երկրների մեծ մասում եւ մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որպես համավարակ է ճանաչվել:

ԱՎԵԼԻՆ