«Ասում են՝ պատերազմը լավագույններին է տանում. Յուրիի դեպքում էլ է այդպես». Արտակ Դավթյանը՝ Ազգային հերոսի մասին

Ապրիլի 8-ը Հայաստանի ազգային հերոս Յուրա Պողոսյանի ծննդյան օրն է: Այդ առիթով շնորհավորում եմ մեծ հայորդու հարազատներին և ողջ հայ ժողովրդին:  Այսպես է շնորհավորել  ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։

Ինչպես տեղեկանում է  ՊՆ լրատվական ծառայությունից,  ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ասել է. «Ասում են՝ պատերազմը լավագույններին է տանում: Յուրիի դեպքում էլ է այդպես. նա հրաշալի զինվոր էր, ուժեղ հրամանատար, վստահելի և անձնուրաց ընկեր, օրինակելի զավակ ու հայր:

Յուրա Պողոսյանը բանիմաց ու տաղանդավոր մարդ էր, կարող էր իր տեղը գտնել ցանկացած ասպարեզում, սակայն իրեն նվիրեց հայրենիքի ազատագրման պայքարին և իր գիտելիքն ու հմտությունները ծառայեցրեց հենց այդ գաղափարին: Թեև երեք մանկահասակ երեխա ուներ, բայց խիզախաբար նետվում էր կռվի ամենաթեժ կետեր, որովհետև գիտեր՝ պատասխանատու է իր և մյուսների զավակների խաղաղ ու անվտանգ ապագայի համար, որը չէր լինի առանց կռվի հաղթական ավարտի:

Հայաստանի ազգային հերոսը մասնակցել է Արցախի ինքապաշտպանության ուժերի գրեթե բոլոր մարտերին, իր ձեռքերով զենքեր է պատրաստել, եղել է թե´ զինվոր ու հրամանատար, թե´ հետախույզ ու սակրավոր: Ցավոք, հերոսն ընկավ մարտում՝ այդպես էլ չվայելելով իր երազած խաղաղությունը, բայց հասցրեց տեսնել Շուշիի ազատագրումը, որն արդեն իսկ մեծ հաղթանակի սկիզբն էր:

Փառք քեզ, հերո´ս, դու հավերժ թողել ես քո անունը մեր պատմության և հիշողության մեջ»։

 

ԱՎԵԼԻՆ