Նազարբաեւը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսի համավարակը նպաստում է պետությունների միջեւ հարաբերությունների ձեւաչափի փոփոխմանը

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսի համավարակը նպաստում է պետությունների միջեւ հարաբերությունների ձեւաչափի փոփոխմանը: Այս մասին նշված է Նազարբաեւի՝ «Երբ մենք միասնական ենք, մենք անպարտելի ենք» հոդվածում, որը չորեքշաբթի հրապարակվել է երկրի առաջին նախագահի կայքում:

«Մարդկությունն այսօր հայտնվել է ճամփաբաժանին: Ներկայիս իրավիճակի յուրահատկությունն այն է, որ այս հերթագայող խնդիրները նախկինում երբեք չեն առնչվել աշխարհաքաղաքականության, տնտեսության, հանրային կյանքի այդքան շատ ասպեկտների, հիմա սկսել են փոխել նաեւ միջպետական հարաբերությունների բուն ձեւաչափը»,- նշել է Նազարբաեւը:

Նրա խոսքով՝ տառացիորեն երեկ պետությունները փոխադարձ պատնեշներ էին ստեղծում, մտնում էին պատժամիջոցային պատերազմների մեջ, իսկ հիմա միմյանց օգնության ձեռք են մեկնում: Նազարբաեւի կարծիքով՝ սա գլոբալ մակարդակում տեղի ունեցող լուրջ փոփոխությունների մեկնարկի վկայությունն է:

«Համաշխարհային պատմության մեջ եղել են բազմաթիվ պատերազմներ, լարված իրավիճակներ եւ հակամարտություններ, որոնք տեւել են տասնամյակների եւ անգամ հարյուրամյակներ: Քիչ չեն պատահել նաեւ համաճարակներ, որ խլել են միլիոնավոր մարդկանց կյանքեր: Մարդկությունն այս ամենից հաղթանակով է դուրս եկել: Ներկայիս դժբախտությունը եւս կհաղթահարենք: Համաշխարհային տերությունները պետք է դասեր քաղեն այս դժվարին իրավիճակից»,- կարծում է Ղազախստանի առաջին նախագահը:

Նա նշել է, որ  հենց հիմա «հարկավոր է նոր քաղաքականություն, որը ամբողջ մարդկային քաղաքակրթությանը կոգեշնչեր զարգանալ, այլ ոչ թե խոչընդոտներ ստեղծել»:

ԱՎԵԼԻՆ