Հայաստանի 600 քաղաքացի շարունակում է մնալ 46 երկրում.Ավետ Ադոնց

Դիվանագիտական ներկայացուցչությունների եւ ՀՀ Արտաքին գործերի նախարարության տվյալների համաձայն` Հայաստանի 600 քաղաքացի շարունակում է մնալ 46 երկրում: Այս մասին մարտի 31-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը:

Փոխնախարարի խոսքով` նրանց վերադարձին խոչընդոտում է հաղորդակցության բացակայությունը եւ ուղևորության հետ կապված ռիսկերը: «Բոլորն են ուզում վերադառնալ: Բայց ես չեմ կարող պնդել, որ բոլորն ուզում են հիմա վերադառնալ»,- ասաց փոխնախարարը: Որպես օրինակ` նա նշեց 36 նահանգներում բնակության եւ կրթության ծրագրերով գտնվող երեխաներին: «Դեսպանությունը կապի մեջ է: Այնուամենայնիվ, մեծ հարց է, թե որքանով է այս պայմաններում անվտանգ հավաքել եւ բերել այս երեխաներին: Սա շատ ռիսկային է` հատկապես հաշվի առնելով ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման դինամիկան: Մենք կապի մեջ ենք ծրագրի կազմակերպիչների հետ: Նրանք ապահովում են երեխաների համար անհրաժեշտ պայմանները»,- ընդգծեց Ավետ Ադոնցը:

Իրաքում այժմ կա ՀՀ 80 քաղաքացի: Նրանք եվրոպական մի ընկերության աշխատակիցներ են: «Մեր դեսպանատունը եւս կապի մեջ է ընկերության հետ: Այն ապահովել է անհրաժեշտ կարանտինային պայմանները` սնունդ, ֆինանսավորում, բժշկական ծառայություններ»,- ասաց Ադոնցը: Նրա խոսքով` Ռուսաստանի Դաշնությունում ուսանող երիտասարդները եւս խնդիրներ չունեն, քանի որ Ռուսաստանի կառավարությունը հայտարարել է, որ եթե անգամ ուսումը նդհատվել է, ուսանողները կարող են մնալ կարանտինում հանրակացարաններում:

Փոխնախարարը կրկին քաղաքացիներին կոչ է արել կապ հաստատել դեսպանատների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ: Սա թույլ է տալիս գնահատել իրավիճակը եւ ճիշտ պլանավորել գործողությունները, ասաց Ադոնցը: Նա հիշեցրեց, որ արդեն իսկ մի շարք միջոցառումներ են ձեռնարկվել հայրենակիցներին վերադարձնելու ուղղությամբ: «Մենք բազմաթիվ գործողություններ ենք իրականացրել քաղաքացիներին հետ կանչելու ուղղությամբ. Չինաստանից` ռուս եւ ղազախ գործընկերների հետ համագործակցությամբ, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում նրանց», – հիշեցրեց փոխնախարարը: Ավելի քան 70 քաղաքացի վերադարձվել է Իտալիայից: Ոմանք չէին ցանկանում վերադառնալ կարանտինի պատճառով: Հայաստանի քաղաքացիներ են դուրս բերվել նաեւ Ուկրաինայից: «Այս գիշեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աջակցությամբ 68 երեխա եւ ուսուցիչ է վերադարձել Կալկաթայից»,- ասաց Ադոնցը` շեշտելով, որ եթե վերադառնալու հնարավորություն չկա, դեսպանատունը փորձում է օգնել` նրանց տրամադրելով բնակության վայրով, սննդով եւ ֆինանսական միջոցներով:

ԱՎԵԼԻՆ