Մայրը պատմել է իր 7 շաբաթական երեխայի մոտ կորոնավիրուսի ախտանիշների մասին. Daily Mirror

Անգլիայի Էսսեքս կոմսությունից Թոնի Ռոուդսը պատմել է իր 7 շաբաթական երեխայի մոտ կորոնավիրուսի ախտանիշների մասին, հաղորդում է Daily Mirror-ը:

Թոնիի խոսքով՝ իր որդին՝ Քերթիսը, մի քանի օր լաց է եղել եւ 12 ժամ հրաժարվել է ուտելիքից:

«Առավոտյան մենք նկատեցինք, որ նրա մաշկը կարմրել է, աչքերը բորբոքվել են: Նա հազում էր եւ փռշտում, քնկոտ էր եւ չէր ուզում ուտել»,- պատմել է երեխայի մայրը:

Մտահոգված ծնողները նրան հիվանդանոց են տարել, որտեղ բժիշկները որոշել են, որ երեխայի մոտ սեպսիս է: Նրան հակաբիոտիկներ են ներարկել եւ նրան հսկողության տակ թողել 48 ժամ: Բացի այդ, կորոնավիրուսի թեստ են անցկացրել, սակայն արդյունքները հայտնի են դարձել մի քանի օր անց:

2 օրում երեխային հակաբիոտիկներ են ներարկել: Երեխան սկսել է վերականգնվել, եւ նրան դուրս են գրել հիվանդանոցից: Սակայն հաջորդ օրը պարզվել է, որ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել:

«Քերթիսն արդեն ապաքինվում է, նրա հետ ամեն ինչ կարգին է»,- ասել է երեխայի մայրը:

Թոնին Facebook-ում հրապարակել է երեխայի հիվանդության պատմությունն ու բոլոր մարդկանց կոչ արել անհապաղ հիվանդանոց դիմել առաջին ախտանիշների դեպքում:

«Քերթիսի մոտ բարձր ջերմություն կամ չոր ու չդադարող հազ չկար: Մենք քիչ բան գիտենք, թե ինչպես է այդ վիրուսն արտահայտվում երեխաների մոտ: Այդ պատճառով մենք որոշեցինք կիսվել մեր պատմությամբ եւ նշել, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել: Խնդրում եմ, եթե ձեր երեխայի առողջությունը վատացել է, նրան անմիջապես հիվանդանոց տարեք»,- նշել է նա:

Նշենք, որ մարտի 29-ին ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել են կորոնավիրուսից երեխայի առաջին մահվան մասին: Դեպքը տեղի է ունեցել Չիկագոյում: ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված ամենաերիտասարդ պացիենտը, վերջին տվյալներով, Նյու Յորքից 3 շաբաթական երեխան է:

   

ԱՎԵԼԻՆ