«Փորձելու ենք պիկեր չունենալ, եթե ունենանք՝ դրանք աղետալի են լինելու երկրի համար». Արսեն Թորոսյան

«Որոշ մարզերում իրավիճակն ավելի վերահսկելի է, իսկ որոշներում էլ շարունակվում է դեպքերի արձանագրումը, օրինակ՝ Կոտայքի մարզում: Կդժվարանամ ասել` հիմա տոկոսային հարաբերակցությամբ Երևանո՞ւմ են ավելի շատ, թե՞ մարզերում, բայց դեպքեր կան թե՛ Երևանում, թե՛ Երևանի հարակից մարզերում, Սյունիքում էլ կան, սակայն հատուկենտ են: Ամենաշատը կան Արմավիրում, Արարատի մարզում, Երևանում և Կոտայքում, Վայոց ձորում և Գեղարքունիքում կարծեք թե դեպքեր դեռևս չունենք»,- այս մասին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Առողջապահության նախարարը նաև տեղեկացրեց, որ վարակված բուժքրոջ վիճակը, հուսով է՝ լավ է, քանի որ հակառակի մասին տվյալներ չունի: Նա նաև նշեց, որ, բացի նրանից, ունեն վարակված ևս մեկ բժիշկ և շտապօգնության մեկ վարորդ, որոնք մեկուսացված են, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Առողջապահության նախարարը նաև անդրադարձավ կորոնավիրուսի ազդեցությանը հղիների վրա՝ նշելով, որ մինչև օրս այս առումով իրենց որևէ վատ վերջաբանով դեպքեր հայտնի չեն:

«Վիրուսը հղիների մոտ տանելու պրոցեսը գրեթե նույնացվում է երեխաների տանելու հետ, քանի որ հղիության ժամանակ իմունիտետի անկում է տեղի ունենում: Դեռ վաղ է խոսել, թե վիրուսն ինչ ազդեցություն կարող է ունենալ պտղի վրա»,- նշեց նախարարը:

Նախարարը նաև նշեց, որ չի կարող կանխատեսել, թե Հայաստանում կորոնավիրուսի տարածումը երբ կսկսի թուլանալ, փոխարենը՝ տեսնում են դրա աճի տեմպերը:

«Հույս ունենք, որ, եթե նույնիսկ այս աճի տեմպը պահպանվի, ապա այն բարենպաստ աճի տեմպ է, քանի որ տոկոսային հարաբերակցությամբ նախորդ գումարային դեպքերի վրա հարաբերելով՝ շատ ավելի փոքր տոկոսով է աճում ամեն օր: Եղանակն էլ իր հերթին է «քաշում» ու շուտ չի տաքանում, մի քիչ որ շուտ տաքանար՝ ավելի լավ կլիներ, որովհետև ազատ ու տաք միջավայրում վիրուսը երկար չի դիմանում. փորձելու ենք պիկեր չունենալ, եթե ունենանք, ապա դրանք աղետալի են լինելու երկրի համար, թե՛ առողջապահական, թե՛ հումանիտար առումով: Մեր բոլորի պարտքն է՝ այդ պիկը թույլ չտալու, սա միայն մեկ ոլորտի պատասխանատվությունը չէ, այլ բոլորի՝ Կառավարության, քաղաքացիների, պետության»,- եզրափակեց նախարարը:

ԱՎԵԼԻՆ