Ինչպես է ինքնամեկուսացումն ազդում մարդու հոգեվիճակի վրա.DW

SARS-CoV-2 կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին ավելի ու ավելի շատ երկրներ են դիմում են այնպիսի կտրուկ միջոցների, ինչպիսիք են պարետային ժամը կամ բարձր ռիսկային խմբում գտնվող մարդկանց համար տնից դուրս գալու արգելքը:

DW-ն զրուցել է Ուլմա համալսարանական հիվանդանոցի հոգեբուժական եւ հոգեթերապեւտիկ բաժանմունքի գլխավոր բժիշկ, «Միայնությունը` որպես անճանաչելի հիվանդություն. հիվանդագին, վարակիչ, մահացու» գրքի հեղինակ, պրոֆեսոր Մանֆրեդ Շպիտցերի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես են կարանտինային միջոցառումներն ազդում մարդու հոգեկան առողջության վրա, և արդյոք սոցիալական ցանցերը կարող են փոխարինել կենդանի շփումը տնային մեկուսացման ժամանակահատվածում: Շպիտցերի խոսքով` կարանտինային տարբեր միջոցառումները պետք է տարբեր կերպ գնահատել:

«Մենք գիտենք, որ կարանտինը, որպես մեկուսացման ծայրահեղ միջոց, իրոք կարող է հանգեցնել մարդու հոգեբանության խախտումների, այդ թվում նաեւ` բացարձակապես նորմալ մարդկանց մոտ: Երկարաժամկետ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վախի, քնի խանգարման կամ հետտրավմատիկ սթրեսի հետ կապված խախտումների հավանականությունը մեծ է մնում նույնիսկ կարանտինի ավարտից հետո երկար ժամանակ անց: Ընդ որում, այս դեպքում հիվանդների սեռը եւ տարիքը նշանակություն չունեն: Այդ իսկ պատճառով նման միջոցառումներին պետք է դիմել միայն այն դեպքում, երբ դրանք անխուսափելի են, եւ հարկավոր է միշտ ժամանակին սահմանափակել դրանք: Իսկ այժմ` սոցիալական դիստանցիայի նոր ֆենոմենի մասին: Վարակման մակարդակի առումով SARS-CoV-2 կորոնավիրուսը շատ վարակիչ կարմրուկի եւ պակաս վարակիչ սեզոնային գրիպի միջեւ է: Արդեն մի շարք գիտական ուսումնասիրություններ են հրապարակվել այն մասին, թե ինչպես են մարդիկ արձագանքել կորոնավիրուսի տարածմանն աշխարհի տարբեր երկրներում, հիմնականում` Չինաստանում: Եվ ապացուցվել է, որ, օրինակ, ուղեւորությունների սահմանափակումը շոշափելի արդյունք չի տալիս: Մինչդեռ, մարդկանց միջեւ որոշակի ֆիզիկական դիստանցիայի պահպանումը, իրոք, կարող է օգնել էապես դանդաղեցնել վարակի տարածումը»:

Պատասխանելով հարցին` արդյոք գիտությանը հայտնի է, թե քանի մարդ կարող է մեկուսացվել հասարակությունից` առանց հոգեկան առողջության համար  հետեւանքների, մասնագետը նշել է, որ դա կախված է անհատից եւ իրավիճակից. «Չէ որ վիրուսի ազդեցությունը օրգանիզմի վրա կախված է դրա «դեղաչափից»: Եթե վիրուսը հայտնվի մարդու մաշկի վրա, ապա ոչինչ չի պատահի, սակայն եթե միլիոնավոր վիրուսներ թքի կամ կամ աչքերի լորձաթաղանթի միջոցով հայտնվեն օրգանիզմի մեջ, դա լուրջ հետեւանքներ կունենա: Մինչ օրս կորոնավիրուսի համար պատվաստանյութ կամ փորձարկված դեղեր չկան: Միակ բանը, որ մարդն ունի դրա դեմ պայքարի համար, սեփական իմունային համակարգն է, եվ այն ամրապնդելու համար անհրաժեշտ է պարբերաբար դուրս գալ մաքուր օդի, ավել լավ է` այնտեղ, ուր մարդիկ չկան, օրինակ` անտառ: Հենց այդ պատճառով էլ երկրներից շատերը նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում քաղաքացիներին թույլ են տալիս դուրս գալ մենակ կամ զույգերով` շարժվելու եւ սպորտով զբաղվելու համար: Այս ոլորտում խորհուրդները միանշանակ են. տանը երկար մնալը թուլացնում է իմունային համակարգը: Սա հատկապես կարեւոր է իմանալ տարեցներին եւ երեխաներով ընտանիքներին»:

Հարցին, թե ով է ավելի հեշտ տանում մեկուսացումը, Շպիտցերը նշել է, որ այս հարցում հարկ է հաշվի առնել կանանց եւ տղամարդկանց միջեւ տարբերությունները: «Եվրոպայում կանայք միջինում երկու տարով ավելի փոքր են իրենց ամուսիններից: Ավելին, նրանց կյանքի տեւողությունը վեց տարով ավել է, քան տղամարդկանցը: Այսպիսով, կանայք միջինում ութ տարի առանց զուգընկեր են անցկացնում: Այնպես որ, ծերության ժամանակ միայնությունից տառապում են առաջին հերթին հենց կանայք. սա փաստ է: Մյուս խումբը, որը ամենաշատն է տառապող միայնությունից, երիտասարդ կանայք են, քանի որ նրանք հիմնականում սահմանում են իրենց որեւէ խմբին պատկանելու միջոցով, եւ եթե այնտեղ խնդիրներ են ծագում, ապա նրանք շատ ծանր են դա տանում: Երիտասարդ տղամարդը միշտ կարող է «միայնակ գայլի» դեր խաղալ, որը թաքնվում է խնդիրներից իրենց որջում: Իսկ աղջիկները, ընդհակառակը, խնդիրների բախվելով իրենց սոցիալական խմբում, տառապում են միայնությունից»,- շեշտել է Շպիտցերը:

Հարցին, կարող են արդյոք սոցիալական ցանցերը լիովին փոխարինել մեկուսացման մեջ հայտնված մարդկանց համար շփումն իրական կյանքում, մասնագետը պատասխանել է, որ այսօրվա իրավիճակում դրանք իսկապես կապի մեջ մնալու հնարավորություն են տալիս: Ընդ որում, պետք է հիշել, որ չարժե մի ամբողջ օր անցկացնել սոցիալական ցանցերում եւ հավատալ դրանցում տարածված ամեն ինչին. «Կարծում եմ, որ հեռախոսը լավագույն հաղորդակցման միջոցն է մնում, քանի որ դու անմիջականորեն խոսում ես զրուցակցիդ հետ եւ չես լողում համացանցը ողողած ֆեյք նորությունների անվերջ հոսքում: Twitter-ը եւ Facebook-ը ամենաքիչն են հարմար դրա համար: Մարդու համար մեծ թվով անծանոթների հետ շփումն օգտակար չէ, ինչը հաճախ է տեղի ունենում սոցիալական ցանցերում: Կապի որոշակի միջոցներով հաղորդակցությունն ամենալավ ձեւով աշխատում է այն դեպքում, երբ մարդը շփվում է մեկի հետ, ում լավ գիտի` ծնողների, տատիկների եւ պապիկների, լավագույն ընկերոջ: Երբ ես կնոջս հետ հեռախոսով եմ խոսում եւ լսում եմ, թե ինչպես է նա ծիծաղում, ես կարող եմ պատկերացնել նրա դեմքը առանց որեւէ տեսազանգի»:

Միեւնույն ժամանակ, պրոֆեսորը պնդում է, որ միայնությունը կարող է վարակիչ լինել. «Միայնությունն իսկապես վարակիչ է, ինչպես` ծխելու սովորությունը եւ ավելորդ քաշ հավաքելու հակումը: Գիտնականները դա առաջին անգամ հայտնաբերել են 2009 թվականին` վերլուծելով մի ամբողջ գյուղից հավաքված տվյալները: Մեծ հաշվով, այս եզրակացությունները վաղուց արդեն հայտնի էին հոգեբաններին: Քանի որ մարդիկ սոցիալական էակներ են, նրանք կարող են միմյանց վարակել իրենց հուզական վիճակներով: Ուստի այժմ պետք է նվազագույնի հասցնել այն մարդկանց հետ շփումը, որից հետո ծանրության կամ տխրության զգացում եք ունենում: Թույլ իմունիտետով մարդիկ վիրուսով չվարակվելու համար եւս պետք է խուսափեն ավելորդ շփումներից, իրենց զրուցակիցների հուզական վիճակների նկատմամբ զգայուն մարդիկ պետք է կրճատեն այդպիսի շփումները` իրենց հոգեկան առողջությունը պաշտպանելու համար»:

ԱՎԵԼԻՆ