Գյուղոլորտում առկա տարբեր ծրագրերով սահմանված տոկոսագումարները զրոյացվում են.նախարար

Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ այս գործն ուղղված է գյուղատնտեսության ոլորտում զբաղված ֆիզիկական ու իրավաբանական անձանց:

«Սրանով մենք զրոյացնում ենք բոլոր այն տոկոսագումարները, որոնք առայսօր գյուղոլորտում առկա տարբեր ծրագրերով սահմանված էին: Օրինակ ունեինք լիզինգի ֆինանսավորման աջակցության գործող գործիք, որտեղ մինչեւ տոկոսները սուբսիդավորում էինք 2-4 տոկոսով: Մենք հիմա այդ տոկոսները զրոյացնում ենք:  Մեկ այլ ծրագրով, որ կառավարությունը սուբսիդավորում էր 12 տոկոսից 7 տոկոսը, եւ գյուղացիական տնտեսությունները վճարում էին 5 տոկոս, հիմա դա եւս զրոյացնում ենք:

Հաջորդը, մենք հիմա ասում ենք, որ կսուբիսդավորենք նաեւ այն վարկերի տոկոսները, որոնք տնտեսվարողները կհամաձայնեն վերցնել նաեւ արտարժույթով:

Այս գործիքակազմում կա մի կարեւոր նորություն, դա միկրովարկերի սուբսիդավորումն է: Եթե բանկերը կսուբսիդավորեն միկրովարկեր՝ մինչեւ մեկ մլն դրամ, 13 տոկոս տոկոսագումարով, 2 տարի ժամկետով, մենք կսուբիսդավորենք բոլոր տոկոսագումարները: Այսինքն գյուղացիական տնտեսությունները, անկախ գործունեության ոլորտից, մեկ մլն դրամի չափով վարկավորման դեպքում առանց տոկոսի վարկեր են ունենալու»,-ասաց նախարարը:

Նա հավելեց, որ հաջորդը վերաբերում է կոոպերացիային. «Եթե գյուղացիական տնտեսությունները կհամաձայնեն համատեղել իրենց ջանքերը՝ գյուղացիական կոոպերատիվներ ստեղծելով, ապա կառավարությունը ոչ միայն կսուբսիդավորի տոկոսները, այլեւ էապես կհամաֆինանսավորի այդ ծրագրերը: Դա նշանակում է, որ գյուղացիական տնտեսությունները կարող են այդ չափով պակաս գրավային ապահովություն ներկայացնել: Կառավարության համաֆինանսավորումը կլինի 30-70 տոկոսի միջակայքում:

Այսինքն եթե ստեղծվում է կոոպերատիվ, որը որոշել է զբաղվել տոհմային անասնաբուծությամբ, ապա կառավարության համաֆինանսավորումը կկազմի 70 տոկոս: Դա նշանակում է, որ եթե նրանց ցանկանում են վերցնել 200 մլն դրամի վարկ, կարող են ունենալ միայն 60 մլն դրամի գրավային ապահովություն, մնացածն իր վրա կվերցնի կառավարությունը: Եթե գյուղատնտեսականհումք պետք է մթերեն, կառավարության համաֆինանսավորումը կկազմի 30 տոկոս, կարկտապաշտպան ցանցերի, ինտենսիվ այգիների, ոռոգման արդիական համակարգերի դեպքում՝ 50 տոկոս, իսկ ընդհանուր նշանակության ծրագրերի դեպքում՝ 10 տոկոս»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Սա ՀԵՆՑ այն ցայտուն դեպքն է, երբ կառավարություն ըճգնաժամը դիտարկում է որպես հնարավորություն. «Խոսքն ընդհանուր առմամբ մեր գյուղատնտեսության որակն ու քանակը կտրուկ փոխելու մասին է: Սա պատմական հնարավորություն եմ համարում: Մենք լրջորեն պետք է կպնենք այս գործին եւ հաջողենք»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նկատեց. «Համաֆինանսավորման գործիքակազմը շատ լուրջ է եւ չի կարող չաշխատել: Ես ոչ մի երկրում չեմ տեսել, որ նման քայլի գնան: Կառավարությունը ռիսկի է գնում եւ գյուղատնտեսությունը պետք է սրա միջոցով զարգանա»:

ԱՎԵԼԻՆ