Երեւանյան սուպերմարկետներում արձանագրվել են  Պարետի հաստատած ուղեցույցով սահմանված նորմերի կոպիտ խախտումներ. ԱԱՏՄ

Երեւանյան սուպերմարկետներում արձանագրվել են  Պարետի հաստատած ուղեցույցով սահմանված նորմերի կոպիտ խախտումներ. ԱԱՏՄ

Արտահագուստի համար հանդերձապահարաններ չեն նախատեսվել․ աշխատողների տնային հագուստը կախված է եղել բաց տարածքում…

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցներն ակտիվ մշտադիտարկում են իրականացնում արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում։ Այս ամսին այսօր՝ մարտի 25–ին, հայտարարություն է  տարածել ՀՀ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

Դիտարկումների արդյունքում սուպերմարկետների խոշոր ցանցերի մի շարք մասնաճյուղերում արձանագրվել է, որ

հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ,

առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում),

առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան եւ ջերմաչափ,

չի պահպանվել աշխատատեղերի եւ աշխատակիցների՝ միմյանցից առնվազն 2 մետր հեռավորություն պահպանելու պահանջը,

արտահագուստի համար հանդերձապահարաններ չեն նախատեսվել․ աշխատողների տնային հագուստը կախված է եղել բաց տարածքում։

Այսպիսով, չեն կատարվել Պարետի № Ց/17-2020 ցուցմամբ հաստատված ուղեցույցով սահմանված պարտադիր պահանջները։

Սուպերմարկետներից մեկի մասնաճյուղի գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու միջնորդագիր է ներկայացվել ՀՀ Պարետին։ Ձեռնարկվում են համապատասխան քայլեր։

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը կրկին հորդորում է տնտեսվարողներին` խստագույնս պահպանել Պարետի ցուցումով հաստատված դրույթները` ապահովելու աշխատողների առողջության պահպանումն ու անվտանգությունը։ Ուղեցույցով սահմանված պահանջների կատարումը պարտադիր է բոլոր կազմակերպությունների համար։

Խախտումների արձանագրման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի թեժ գիծն է 8107։

Կազմակերպությունների կողմից կատարման ենթակա ցուցումները պարունակող ուղեցույցը` http://hlib.am/20.03.2020.html հղումով»։

ԱՎԵԼԻՆ