Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 67-ի, ապա նվազել մինչեւ 65

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 67-ի, ապա նվազել մինչեւ 65: Նման տվյալներ են ներկայացվել stopcov.ge կառավարության կայքում, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:

Միեւնույն ժամանակ, Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն պարզաբանել է, որ իրականում վարակվածների թիվը երկուսով պակասել է եւ կազմում 65: Նրա խոսքով՝ դա 67 վարակվածների թվում Ավստրիայի երկու քաղաքացիներ են եղել, որոնք արդեն լքել են Վրաստանի տարածքը:

«Այսօրվա դրությամբ Լուգարա լաբորատորիան հաստատել է 67 դեպք: Պարզապես վարակվածներից երկուսը Ավստրիայի քաղաքացիներ էին, եւ անցած գիշեր հատուկ չվերթով նրանք լքել են Վրաստանի տարածքը: Եվ այդպիսով վարակվածների թիվը կազմում է 65: Ստացիոնարում գտնվում է 56 վարակված»,- ասել է Տիկարաձեն:

Բացի այդ, կառավարական կայքում ասվում է, որ կարանտինի մեջ է գտնվում 4055 մարդ:

Վրաստանի վարչապետի՝ տարածաշրջանային քաղաքականության հարցերով խորհրդական Սոզար Սուբարին հայտնել է, որ Մառնեուլի շրջանում վարակված կնոջ հետ շփվածների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Իսկ Թբիլիսիում վերցված անալիզների արդյունքները դեռ հայտնի չեն:

Նրա խոսքով՝ բոլոր ընտանիքներին ստուգել են թե՛ հեռախոսով, թե՛ անձնական հանդիպման միջոցով: «Եթե կասկածելի իրավիճակ ստեղծվի, ապա ստուգում կսկսվի տեղում: Անհրաժեշտության դեպքում կանցկացվի ինչպես առաջնային, այնպես էլ հիմնական թեստ»,- ասել է Սուբարին:

ԱՎԵԼԻՆ