Ամփոփվել է գյուղոլորտին օժանդակության միջոցառումների ծրագիրը, քննարկվել են սոցիալական աջակցության ուղղությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր կայացել է հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումները:

Ներկայացվել է, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտի միջոցառումների ծրագրի ամփոփիչ տարբերակը, որում ներառվել են թեմայի առնչությամբ երեկ եւ նախորդ շաբաթ տեղի ունեցած քննարկումների արդյունքները:  Լրացուցիչ արծարծվել են գյուղոլորտին օժանդակության մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցեր: Ամփոփելով վարչապետը հանձնարարել է հանրային քննարկման դնել նախագիծը եւ նշել, որ կառավարությունը ծրագրի արդյունավետության մոնիթորինգ է իրականացնելու՝ անհրաժեշտության դեպքում արագ արձագանքելու եւ ծրագիրը կատարելագործելու նպատակով:

Հաջորդիվ անդրադարձ է եղել սոցիալական աջակցության ուղղություններին եւ հնարավորություններին: Քննարկումը ծավալվել է, մասնավորապես, թիրախային խմբերը հստակեցնելու, ռեսուրսները հասցեական եւ արդարացի բաշխելու ուղղությամբ քայլերի եւ գործիքակազմի շուրջ, ներկայացվել են մի շարք դիտարկումներ։ Ընդգծվել է, որ պետության օժանդակության թիրախում պետք է լինի աշխատող մարդը, ու ինստիտուցիոնալ խողովակներով պետք է խրախուսել ու աջակցել նրան:

Վարչապետը հանձնարարել է միջգերատեսչական աշխատանքային խմբի շրջանակում, հիմք ունենալով վերոնշյալ բանաձեւը, քննարկել սոցիալական աջակցության միջոցառումների փաթեթը, ամփոփել առաջարկությունները եւ առաջիկա օրերին ներկայացնել կառավարություն:

 

ԱՎԵԼԻՆ