Ես գիտեմ, որ քննադատություններն իմ հասցեին շարունակվելու են. Փաշինյանը՝ նոր նշանակումների մասին

Հայաստանում տեղի են ունեցել հսկայական քաղաքական փոփոխություններ, եւ այդ փոփոխություններից առաջ եւ դրանց ընթացքում ընկալում է եղել, որ գիծ ընդդիմության, որի ներկայացուցիչն եմ եղել ես, եւ ոստիկանության ու ԱԱԾ-ի միջեւ: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, նորանշանակ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին եւ ոստիկանապետ Արման Սարգսյանին ընդունելու ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մինչեւ այսօր էլ այդ քննարկումը կա, այդ քննադատությունը կա, եւ այդ քննադատությունն առաջին հերթին ինձ է ուղղված, թե ինչու այնպիսի փոփոխություններ չեն արվել, որպեսզի հնարավոր լինի ոստիկանության եւ ԱԱԾ-ի ղեկին նշանակել քաղաքական գծի այս կողմում գտնվող անձանցից:

Ես ուզում եմ այս պահը հատուկ շեշտել, որ ինձ համար բոլոր առումներով շատ կարեւոր է ՀՀ-ում պետական ինստիտուտների կայացումը, որոնք մաքսիմալ զերծ լինեն քաղաքական փոփոխությունների հետեւանքով ցնցումների ենթարկվելուց:

Ես գիտեմ, որ այդ քննադատությունները իմ հասցեին շարունակվելու են, բայց ես առաջին հերթին իմ գործառույթը տեսնում եմ աջակցելու, որ ոստիկանությունը, ԱԱԾ-ն եւ այլ պետական կառույցները կայանան որպես պետական ինստիտուտներ, որոնք գործում են հենց առաջին հերթին պետության եւ ազգային անվտանգության շահերից ելնելով: Եվ իրենք կախվածություն չունեն, իրենց ծառայության տրամաբանությունը քաղաքական նպատակահարմարություններին ծառայելու տրամաբանություն չի: Ես ուրախ եմ, որ մենք կարողացել ենք գնալ այդ ճանապարհով»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա նկատեց, որ դա միաժամանակ բերում է լուրջ պատասխանատվություն. «Շատ կարեւոր է այդ ինստիտուտների կայունությունը պահպանվի: Շատ կարեւոր է, որ այդ ինստիտուտները բարեփոխվեն եւ համապատասխանեն այսօրվա բովանդակային պահանջներին: Շար կարեւոր է այդ կառույցներում ունենալ այնպիսի ռազմավարական փոփոխություններ պլան, որ ամեն օրվա, ամեն տարվա հետ եւ ոստիկանությունը, եւ ԱԱԾ-ն իրենք լինեն զարգացող մարմիններ»:

 

ԱՎԵԼԻՆ