Էսօր էս ինչ ծանր նիստ ստացվեց, սա էլ չենք քվեարկում.Փաշինյանը բարկացավ(տեսանյութ)

Էսօր էս ինչ ծանր նիստ ստացվեց, սա էլ չենք քվեարկում: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ պարզվեց, որ իր հանձնարարականը չի կատարվել։

Մասնավորապես՝ քննարկվում էր քաղաքաշինության կոմիտեին 26 մլն դրամ հատկացնելու հարցը։ Գումարը նախատեսվում է ծախսել մոդուլային տեսակի մանկապարտեզի նախագծի մշակման եւ փորձաքննության ծառայության համար։

Վարչապետին զայրացրեց այն, որ քաղաքաշինության կոմիտեն իրեն հատկացված միջոցներն ամբողջությամբ չի ծախսելու, տարեվերջում թերակատարում է ունենալու, եւ վերոնշյալ չափով գումար է լինելու ավելցուկ։ Եվ, նրա խոսքով, անհրաժեշտություն չկա այս պահին այդ 26 մլն դրամը կոմիտեին տրամադրելու, քանի որ գուցե այլ տեղում ավելի արդյունավետ է այս պահին ծախսելը։

«Գործնականում մենք ամեն շաբաթ այս խնդրին անդրադառնում ենք, ինչքա՞ն կարելի է նույն բանի մասին անընդհատ ասել: Մի անգամ ասվում է, կամ պետք է արվի, կամ լինի հիմնավորումը, որ սա այն դեպքն է, որ հանձնարարության տրամաբանության մեջ է: Ուրիշ տարբերակ չկա»,-ասաց նա:

Վարչապետը դիմեց Ղուլարյանին՝ նշելով. «Հիմա եթե 2020 թվականի արդյունքներով պարզվեց, որ Քաղաքաշինության կոմիտեն իր գումարներից 26 մլն պակաս է ծախսել, էս խոսակցությունը դառնալու է մեծ պատմություն: Եթե մենք տարվա վերջում 10 մլն դրամ չենք ծախսելու, իսկ էսօր կան ուրիշ ծրագրեր, որոնք սպասում են ֆինանսավորման, մենք ինչու ենք հիմա այդքան գումար ուզում: Բոլորս գիտենք, որ թերակատարելու ենք, բայց գալիս շատ փող ենք տալիս: 26 մլն դրամը ուրիշ տեղ ծախսելու ավելի արդյունավետ տեղ կա: Էսօր սա էլ չենք քվեարկում»,-ասաց Փաշինյանը:

Նա բարկացած շարունակեց. «Հանձնարարականը, որ տրվում է, պետք է կատարվի, կամ էլ պետք է հիմնավորում լինի, որ դա հնարավոր չէ կատարել: Բանավոր խոսակցությունները դադարեցրեք: Այսպես չի լինի: Սա էլ արդեն երկրորդ անգամն եմ զգուշացնում: Ես ստիպված հրապարակային եմ իմ հանձնարարականներին վերադառնում: Այլեւս նման բան չկրկնվի: Որտեղ կրկնվեց նման դեպք, ես ստիպված եմ լինելու միջոցներ ձեռնակել»,- ասաց վարչապետը:

 

ԱՎԵԼԻՆ